Հաջորդ մրցաշրջանից մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի երրորդ եվրագավաթային մրցաշարը՝ Կոնֆերենցիաների լիգան։ Այս մրցաշարի ստեղծումը հիմնավորում են Եվրոպա լիգայի վարկանիշի բարձրացմամբ, եկամուտների մեծացմամբ, նոր շուկաներով, ինչպես նաև ոչ մեծ կամ ոչ ուժեղ ֆուտբոլային երկրների ակումբներին՝ իրենց ուժերը ցուցադրելու հնարավորությամբ։
Առաջին կետը, թերևս, ամենակարևորներից է նոր մրցաշարի ստեղծման համատեքստում․ Եվրոպա լիգային 48 թիմ էր մասնակցում, այսինքն մեկ խաղային օրվա ընթացքում տեղի էր ունենում 24 հանդիպում, մրցաշարը միջին դիտողականություն և հետաքրքրություն էր վայելում, ինչի արդյունքում նախագծի եկամուտները զգալիորեն տուժում էին։
Իսկ ի՞նչ կլինի Եվրոպա լիգայի հետ
- Երկու որակավորման փուլ՝ չորսի փոխարեն։ Առաջինում կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի վարկանիշում առաջին 15 հորիզոնականները զբաղեցրած երկրների ներկայացուցիչները, որոնք պարտվել են ՉԼ որակավորման երկրորդ փուլում։ Հաղթողները դուրս են գալիս փլեյ-օֆֆ, որտեղ հանդիպում են ՈՒԵՖԱ-ի վարկանիշում 8-14-րդ հորիզոնականները զբաղեցնող երկրների ներկայացուցիչներին, որոնք պարտվել են ՉԼ որակավորման երրորդ փուլում։
- Խմբային փուլում 32 մասնակից կլինի, որոնք բաժանված կլինեն 8 խմբի։ Մեկ մրցաշրջանից հետո որակավորման ձևաչափը որոշակի փոփոխությունների կենթարկվի, քանի որ խմբային փուլ դուրս կգա միանգամից Կոնֆերենցիաների Գավաթի հաղթողը։
- Առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8, իսկ երկրորդները՝ կմասնակցեն լրացուցիչ փուլին այն թիմերի հետ, որոնք Չեմպիոնների լիգայի իրենց խմբերում զբաղեցրել են երրորդ տեղը։
Իսկ ինչպիսի՞ն կլինի Կոնֆերենցիաների Գավաթը
- Ավտոմատ կերպով ոչ մի թիմ չի հայտնվի խմբային փուլում՝ ի տարբերություն Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի։ Խմբային փուլում հայտնվելու համար անհրաժեշտ է երեք ընտրական փուլ հաղթահարել, ինչպես նաև փլեյ-օֆֆը։
- Որակավորման առաջին փուլին կմասնակցի 72 թիմ՝ ՈՒԵՖԱ-ի վարկանիշում 29-ից 55-րդ հորիզոնականները զբաղեցնող երկրներից, բոլոր ոչ չեմպիոնները՝ գավաթակիրները, արծաթե ու բրոնզե մեդալակիրները։ Հաջորդ փուլ կանցնեն 36 թիմ։
- Որակավորման երկրորդ փուլի ժամանակ գումարվում են չեմպիոնները․ 20 թիմ, որոնք դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլերից։ Երրորդ փուլ դուրս կգա 10 թիմ, իսկ փլեյ-օֆֆ կհասնի միայն 5-ը։
- Որակավորման երկրորդ փուլում կհայտնվեն նաև նոր՝ ոչ չեմպիոնները․ վարկանիշում 16-ից 29-րդ հորիզոնականները զբաղեցնող երկրներից մեկնարկելու է 14 գավաթակիր և 14 արծաթե մեդալակիր, վարկանիշում 13-ից 28-րդ հորիզոնականները զբաղեցնող երկրներից՝ 16 բրոնզե մեդալակիր; 9 թիմ, որոնք ՈՒԵՖԱ-ի վարկանիշում 7-ից 15-րդ հորիզոնականները զբաղեցրած երկրների առաջնություններում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը, և մեկ ակումբ, որն ՈՒԵՖԱ-ի վարկանիշի 6-րդ հորիզոնականում գտնվող երկրի ներքին առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Հաջորդ փուլ է անցնելու 45 թիմ։
- Որակավորման երրորդ փուլում հայտնվելու է միանգամից 7 թիմ՝ ՈՒԵՖԱ-ի վարկանիշում 7-ից 12-րդ հորիզոնականները զբաղեցնող երկրների ներքին առաջնությունների բրոնզե մեդալակիրները, և մեկ թիմը, որը վարկանիշում 6-րդ տեղում գտնվող երկրի ներքին առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 52 թիմերից փլեյ-օֆֆ է դուրս գալու 26-ը։
- Որակավորման վերջին փուլը փլեյ-օֆֆն է, որի մասնակիցները բաժանվելու են «չեմպիոնների ճանապարհի» և «հիմնական ճանապարհի»: «Չեմպիոնների ճանապարհում» ընդգրկված են լինելու այն թիմերը, որոնք Կոնֆերենցիաների լիգայում հայտնվելու են Չեմպիոնների լիգայից ու Եվրոպայի լիգայից դուրս մնալու արդյունքում։ Փլեյ-օֆֆին մասնակցելու է ևս մեկ թիմ, որը թոփ-5 առաջնություններում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, և ևս 4 թիմ, որոնք վարկանիշի 1-ից 4-րդ հորիզոնականներում ընդգրկված երկրների առաջնությունում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը (Անգլիայի պարագայում՝ անգլիական լիգայի Գավաթի հաղթողը)։
- Հետո արդեն խմբային փուլն է՝ 32 թիմով։ 17 թիմ, որոնք հաղթել են «ոչ չեմպիոնների» փլեյ-օֆֆում, 5 թիմ, որոնք հաղթել են «չեմպիոնների» փլեյ-օֆֆում, գումարած 10 թիմ, որոնք չեն կարողացել հայտնվել Եվրոպա լիգայի խմբային փուլում։
Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները կկայանան հինգշաբթի օրերին։ Ենթադրվում է, որ դրանք կանցկացվեն միաժամանակ, բայց երկու տարբեր ժամային գոտիներում։
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում։ 22500 հանդիսականի համար նախատեսված այս մարզադաշտը կառուցվել է 2019 թվականին։
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը նախատեսված է 2022 թվականի մայիսի 25-ին։ ԵԼ-ի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին, իսկ ՉԼ-ի եզրափակիչը՝ մայիսի 28-ին։
Ի՞նչ է սպասվում հայկական թիմերին
Արդեն կայացել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության վիճակահանությունը։ Հայկական թիմերն իմացել են որակավորման առաջին փուլի իրենց մրցակիցներին, ինչպես նաև այն թիմերին, որոնց կհանդիպեն, եթե հաղթահարեն առաջին փուլի արգելքը։
Հայաստանի գավաթակիր «Արարատը» որակավորման առաջին փուլում կմրցի հունգարական «Ֆեհերվարի» հետ, իսկ առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան թիմը երկրորդ փուլում կհանդիպի «Պայդե» («Էստոնիա»)- «Շլոնսկ» ( «Լեհաստան») զույգի հաղթողի հետ։
Երևանի «Նոան» ԿԼ-ի որակավորման առաջին փուլում կմրցի ֆիննական ԿուՊՍ-ի հետ, իսկ վերջինիս արգելքը հաղթահարելու դեպքում, կհանդիպի ուկրաինական «Վորսկլայի» հետ։
Իսկ «Ուրարտուի» մրցակիցն առաջին փուլում կլինի սլովենական «Մարիբորը»։ Այս զույգի հաղթողին երկրորդ փուլում կդիմակայի շվեդական «Համարբյու» ֆուտբոլային ակումբը, որն ավարտված մրցաշրջանում իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Շվեդիայի գավաթակիր։
Հետաքրքական է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մոտ ստեղծված իրավիճակը։ ՉԼ որակավորման առաջին փուլում Ուելսի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում, Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կխաղա ՉԼ որակավորման 2-րդ փուլում, որտեղ կմրցի «Շերիֆ» (Մոլդովա) — «Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։ Վիճակահանությունը բավականին հաջող է դասավորվել Հայաստանի չեմպիոնի համար ու բոլոր շանսերը կան հենց ՉԼ-ում մի քանի փուլ հաղթահարելու և ինչու ոչ՝ խմբային փուլ դուրս գալու համար, բայց եթե նույնիսկ որակավորման երկրորդ փուլում Գրիգորյանի թիմը պարտվի, ապա կխաղա Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում, եթե այնտեղ էլ պարտվի, ապա կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում, ու եթե այնտեղ հաղթի, ապա կհայտնվի խմբային փուլում: ՉԼ որակավորման առաջին փուլում պարտվելու դեպքում թիմը հայտնվելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում։ Այսինքն, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փոլում հայտնվելու համար «Ալաշկերտին» պետք է հաղթել առաջին ու վերջին մրցակիցներին:
Կոնֆերենցիաների լիգայի մրցանակային ֆոնդը
Ընդհանուր առմամբ, Կոնֆերենցիաների Լիգայի մրցանակային ֆոնդը կազմում է 235 միլիոն եվրո: Յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար ամեն ակումբ կստանա 100 000 եվրո: Բացի այդ, ակումբները յուրաքանչյուր փուլից դուրս մնալու դեպքում որոշակի փոխհատուցման գումարներ կստանան` համաձայն հետևյալ բանաձևի.
✅ Որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում ՝ 150,000 եվրո;
✅ Որակավորման երկրորդ փուլից դուրս մնալու դեպքում ՝ 350,000 եվրո;
✅ Որակավորման երրորդ փուլից դուրս մնալու դեպքում՝ 550,000 եվրո;
✅ Փլեյ-օֆֆից դուրս մնալու դեպքում՝՝ 750 000 եվրո:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին, իսկ երկրորդ փուլի հանդիպումները՝ հուլիսի 22-ին և 29-ին։
Նշենք նաև, որ այս մրցաշարում հանդես կգան ոչ միայն համեմատաբար թույլ առաջնությունների ներկայացուցիչները, այլ նաև այնպիսի հայտնի ակումբներ, ինչպիսի են «Ռոման» և «Տոտենհեմը»։