Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր՝ մայիսի 8-ին, պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի հայ ըմբիշները։ Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, մրցաշարին ներկայացված է չորս մարզիկով։
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը մեկնարկային գոտեմարտում 10:1 հաշվով հաղթել է մեքսիկացի Սամուել Գուրիային, այնուհետև 9-0 հաշվով հաղթել է լիտվացի Յուստաս Պետրյավիչուսին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այստեղ արդեն Մելիքյանը գոտեմարտել է ռումինացի Ռազվան Արնաուտին՝ 3-1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ։ 1/2 եզրափակչում հաղթանակ տանելու դեպքում Մելիքյանն օլիմպիական ուղեգիր կապահովի։ Կիսաեզրափակչում Մելիքյանը կգոտեմարտի կորեացի Հանյե Չունի հետ։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ մրցել է 2020թ․-ի Եվրոպայի չեմպիոն, նորվեգացի Մորտեն Տորեսենի հետ, ու 8-0 հաշվով հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Այստեղ արդեն մեր ըմբիշը 10:5 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմայիլովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ֆրանսիացի Մամադասա Սիլայի հետ։ Եվս մեկ հաղթանակ ու Ասլանյանն օլիմպիական ուղեգիր կապահովի Հայաստանի համար։
87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից ու 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարել մոլդովացի Գաբրիել Լուպասկոյի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակչում Շահինյանը 1:1 հաշվով ցավալի պարտություն է կրել շվեդ ըմբիշի հետ գոտեմարտում։
130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը, դարձյալ պայքարը սկսելով 1/16 եզրափակչից, մրցել է ուկրաինացի Միկոլա Կուչմիի հետ ու 0-2 հաշվով ցավալի պարտություն կրել հենց մեկնարկում։