Այսօր՝ մարտի 23-ին, «Ատլետիկոյի» ցերեկային մարզման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել թիմի հարձակվող Մուսա Դեմբելեի մասնակցությամբ: 24-ամյա ֆրանսիացին կորցրել է գիտակցությունը վարժություններից մեկի կատարման ժամանակ: Այս մասին հայտնում է AS-ը;
Դեմբելեին որոշ ժամանակ բժշկական օգնություն են ցույց տվել, հիմա նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Գիտակցության կորուստը, ըստ բժիշկների եզրակացության, պայմանավորված է եղել զարկերակային ճնշման կտրուկ անկմամբ:
«Ատլետիկոյի» բժշկական անձնակազմը մշտապես կհետևի ֆուտբոլիստի բոլոր ցուցանիշներին թե՛ մարզման, թե՛ խաղերի ժամանակ:
Հիշեցնենք՝ Մուսա Դեմբելեն «Ատլետիկոյի» այն քիչ ֆուտբոլիստներից է, որը վարակվել է կորոնավիրուսով: Covid-19-ի պատճառով ֆրանսիացին մադրիդցիների 3 խաղ բաց թողեց:
Դեմբելեն «Ատլետիկո» է տեղափոխվել «Լիոնից» վարձակալության հիմունքներով՝ 1,5 մլն եվրոյի դիմաց՝ հետագայում 33,5 մլն եվրոյով նրա տրանսֆերը գնելու իրավունքով: Ընդ որում, ֆուտբոլիստի հետագա վաճառքց «Լիոնը» 10% կստանա: