«Մեծ եռյակ»․․․Թենիսում այս տերմինը գործածության մեջ մտավ նկարագրելու Ռոջեր Ֆեդերերի, Ռաֆայել Նադալի ու Նովակ Ջոկովիչի բացառիկ գերիշխանությունը։ Սակայն քչերն են հիշում, որ դեռևս տարիներ առաջ գործածելի էր նաև «մեծ քառյակ» ձևը։ Իսկ ո՞վ էր այդ թենիսիստը, ո՞վ էր միանում երեք լավագույններին․ Էնդի Մարեյը։
Շոտլանդացի թենիսիստի կարիերան, անցած ճանապարհն ու ներկան պայքարի, երբեք չհանձնվելու ու նորից-նորից փորձելու մասին է։ Մարեյը բացառիկ տաղանդի տեր թենիսիստ է, որի մասին պետք է իմանալ ավելին։
Կար ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան ներկայացնող թենիսիստի՝ ATP-ի վարկանիշային աղյուսակի «յուղոտ» տեղերում հայտնվելը մեծ իրարանցում էր առաջացնում Միացյալ Թագավորության բնակիչների շրջանում։ Իսկ դա այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր մարզական միջոցառումը՝ թենիսի մեծ սաղավարտի Ուիմբլդոն մրցաշարը չուներ բրիտանացի չեմպիոն շատ երկար ժամանակ։ 1936 թվականին Ֆրեդ Պերիի հաղթանակից հետո ոչ մի բրիտանացու չէր հաջողվում հաղթել Ուիմբլդոնում։ Երբ Մարեյը սկսում էր բավականին տպավորիչ խաղ ցուցադրել իր կարիերայի սկզբում, բոլորը վստահ էին, որ հենց նա նորից կարող է բերել այդ թագը Մեծ Բրիտանիային։
Մարեյը բավականին երիտասարդ տարիքում կարողացավ հասնել Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Դա 2008 թվականի US Open-ն էր։ Ճիշտ է, այն ժամանակ, նրան երեք սեթում վստահորեն հաղթեց իր գերիշխող տարիներում գտնվող Ռոջեր Ֆեդերերը։ Մարեյի հաջորդ եզրափակիչը ևս Ֆեդերերի հետ էր։ 2010-ին Ավստրալիայի բաց առաջնության վերջին խաղում նա նույնպես պարտվեց։ Այս անգամ շոտլանդացին չկարողացավ զսպել արցունքները…
Բեկումնային Ուիմբլդոնը
2012 թվականը բեկումնային էր Լոնդոնի համար ամեն ինչով։ Բոլորը սպասում էին Օլիմպիական խաղերին։ Թենիսի մրցաշարն էլ անցկացվելու էր հենց Ուիմբլդոնի կորտերում։ Բայց մինչև այդ դեռ կար հենց Ուիմբլդոնը։ Այնտեղ Մարեյը կարիերայի ընթացքում առաջին անգամ հասավ եզրափակիչ։ Ու այդ խաղում Մեծ Բրիտանիան շունչը պահած սպասելու էր Մարեյի հաղթանակին։ Նրա մրցակիցը դարձյալ Ֆեդերերն էր։ Առաջին սեթը հաղթեց Մարեյը։ Ամեն ինչ այնքան մոտ էր թվում։ Սակայն Ուիմբլդոնի արքան արեց իր գործը։ Ֆեդերերը հաղթեց 4 սեթում։ Խաղից հետո Մարեյն ասաց, որ փորձել է ուժերի ողջ չափով, իսկ աջակցության մասին ասաց, որ այն ապշեցուցիչ էր։
Մի քանի շաբաթ անց Օլիմպիական խաղերում նույն կորտում Մարեյը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով նույն Ֆեդերերին։ Մարեյը հաղթեց Ուիմբլդոնի կորտում, սակայն դա նրան ոչ թե մրցաշարի չեմպիոնի կոչում բերեց, այլ Օլիմպիական ոսկի։ Իհարկե, օլիմպիական ոսկի տանելը ֆանտաստիկ ու աներևակայելի հաջողություն է մարզիկի կարիերայում, սակայն միևնույն է ողջ Բրիտանիան ուզում էր իր սիրելի մարզիկին տեսնել Ուիմբլդոնի գավաթը ձեռքին։ Եվ այո՛, Օլիմպիական խաղերում հաղթանակը բեկումնային էր Մարեյի համար, քանզի նա գիտակցեց, որ խոտածածկ կորտերի արքային իր «դաշտում» հաղթելը նշանակում է, որ այդտեղ նա կարող է հաղթել յուրաքանչյուրի։
Բեկումնային էր նաև 2012-ի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը, որտեղ Մարեյը նվաճեց կարիերայի առաջին տիտղոսը Մեծ սաղավարտի մրցաշարերում՝ եզրափակիչում հաղթելով Նովակ Ջոկովիչին։
Համազգային ուրախություն, Մարեյը չեմպիոն է
Մարեյը թենիսի պատմության ամենագեղեցիկ պատմություն ունեցող խաղացողներից է։ Նրա ամբողջ կարիերայի ընթացքում նրան միշտ անհանգստացնում էր ազդրի սարսափելի ցավը, որն ի վերջո ավարտվեց վիրահատությամբ 2018 թվականին։ Այդ ժամանակ նա անգամ հայտարարեց կարիերան ավարտելու մտադրության մասին, սակայն նա խաղում է մինչև հիմա՝ անգամ, ինչպես ինքն է ասում, մեկ ազդրով։
Մարեյը, չնայած այս դժվարություններին, Մեծ Բրիտանիային ամենամեծ ուրախություն պարգևած մարզիկներից է, նրա հաղթանակի օրը երկրում իսկական ցնծություն էր։ 2013-ին Ֆեդերերը անակնկալ պարտություն էր կրել երկրորդ շրջանում, Նադալը պարտվել էր հենց սկզբում, իսկ եզրափակիչ էին հասել Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Երկրորդ տարին անընդմեջ Մարեյի մասնակցությամբ եզրափակիչին հետևում էր ողջ Բրիտանիան։ Շունչները պահած ու վախվորած, նրանք վախենում էին, որ Մարեյը չսայթաքի ևս մեկ անգամ, չէ՞ որ նրա կարիերան հիմնականում այդպիսին էր։ Նա տալիս էր ամեն ինչ, բայց եզրափակիչում մնում էր առանց տիտղոսի։
6-4, 7-5, 6-4 ու «պայթեց» ամբողջ Բրիտանիան։ Աներևակայելի ուրախություն, կոչեր, ճիչեր, հաղթական արցունքներ ու խելագարվող ամբոխ․ Էնդի Մարեյը Ուիմբլդոնի չեմպիոնն է, առաջին բրիտանացի թենիսիստը 77 տարվա մեջ, ով հաղթեց Լոնդոնի գլխավոր մրցաշարում։
Մարեյի հաղթանակը իսկական մեծագույն չեմպիոնի նվաճում էր։ Նա իր կարիերայի ընթացքում այնքան եզրափակիչներ էր պարտվել, որ նրա փոխարեն մեկ ուրիշը գուցե կոտրվեր։ Բայց մեծագույն չեմպիոնները միշտ վերադառնում են նորից փորձելու, նորից պայքարելու ու երբեք չհանձնվելու համար։
«Ես ինձ հիմա ավելի լավ եմ զգում, քան անցած տարի»․
Կատակեց Մարեյը հետխաղյա հարցազրույցի ժամանակ կորտում։
Մարեյի կարիերան վերջին տարիներին հարթ չի ընթանում։ Ազդրի վիրահատությունից հետո նրա բժիշկն ասել էր, որ դա պարզապես խելագարություն է, երբ նա խաղում է այդ ազդրով։ Բայց թենիսի նկատմամբ սերը շոտլանդացուն ստիպում է պայքարել ու վայելել թենիսի կորտում ցանկացած ակնթարթ։ Այդ վիրահատական միջամտությունից հետո Մարեյը անգամ մեկ տիտղոս է նվաճել՝ հաղթելով Անտվերպենի մրցաշարում։ Նա մեծագույն չեմպիոն է, որը միշտ վերադառնում է։ Դժվար է գտնել մեկ այլ բրիտանացի մարզիկի, որը ողջ երկրին այսչափ ուրախություն է պարգևել, որքան Մարեյը․․․
Արամ Սահակյան