«Դժվար խաղ էր, բայց մենք մեր պատճառներն ունեինք այն հաղթելու համար»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է «Ուրարտուի» ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն՝ նկատի ունենալով ՀՊԼ 16-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակն ու բացատրում․
«Մենք մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում ենք։ Ես բավականություն ստացա խաղից ու, իսկապես, բավարարված եմ թիմակիցներիս ելույթներով»։
Նկատում եմ, որ այնուամենայնիվ, այս հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակում տեղի հետ կապված փոփոխություններ չեղան․ այնտեղ ավելի բարձր դիրքեր գրավելու շանսերն ինքն ինչպե՞ս է գնահատում։
-Քրտնաջան աշխատանքով կհասնենք նրան, ինչին ձգտում ենք, իսկ դա առաջին հորիզոնականն է։
Դեսիրեն ասում է, որ թեպետ ինքը կատարյալ մարզավիճակում է հիմա, ուզում է էլ ավելի շատ աշխատել ու վստահ է, որ այս մարզչական շտաբի հետ ավելիին կարող է հասնել։
Հայիթին ներկայացնող ֆուտբոլիստը Հայաստանի առաջնությունում խաղում է դեռ 2018 թվականից․ նախ՝ «Լոռիում», ապա՝ «Ուրարտուում»։ Ասում է, որ այդ ընթացքում մեր առաջնությունը շատ լավ փոփոխությունների է ենթարկվել։ Փոփոխությունները սկսվում են Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունից ու ավարտվում ակումբների սեփականատերերով, որոնք բարձրակարգ խաղացողների են բերում թիմեր։
Ջոնելը հրավեր է ստացել նաև իր երկրի ազգային հավաքականից՝ մասնակցելու ֆուտբոլի մինչև 23 տարեկանների օլիմպիադային, բայց ասում է, որ իր համար առաջնայինը հիմա Հայաստանի առաջնությունն է։
Ստելլա Բաբլոյան