Անգլիայի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցել է «Շեֆիլդ Յունայթեդի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ է տարել` ընդհատելով ԱՊԼ-ում 4-խաղյա պարտությունների շարքը:Վերջին անգամ Յուրգեն Կլոպի սաները Անգլիայի առաջնությունում հաղթել էին հունվարի 31-ին՝ 3-1 հաշվով առավելության հասնելով «Վեսթ Հեմի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսում. 48-րդ րոպեին մերսիսայդցիների անգլիացի կիսապաշտպան Կերտիս Ջոնսն է բացել հաշիվն ու առաջ մղել իր թիմին: 64-րդ րոպեին էլ սեփական դարպասը գրավել է Քին Բրայանը՝ հաշիվը դարձնելով 0-2:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» իր միավորների թիվը հասցրել է 43-ի և շարունակում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Շեֆիլդը» 11 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է: