Դեկտեմբերին Հայաստանի Պրեմիեր լիգան գնաց ձմեռային դադարի։ Մրցաշարային աղյուսակին նայելով՝ պարզ է դառնում, թե որքան լարված պայքար է ծավալվելու գարնանային հատվածում։ Մասնավորապես, «Արարատը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հավասար 18 միավոր ունեն։ Աղյուսակը գլխավորում են Վարդան Բիչախչյանի սաները։ Երկրի գործող չեմպիոնն էլ մեկ խաղ պակաս է անցկացրել։
Առաջատարներից մեկ միավորով հետ է մնում Վանաձորի «Լոռին»։ 16 միավորով 5-րդ տեղում է Հայաստանի գավաթակիր «Նոան»։ Մեկ միավորով էլ «Նոայից» հետ է մնում «Ուրարտուն»։ Առաջնության նորեկ «Վանը» 10 միավոր ունի ու տեղավորվել է 7-րդ տեղում։ ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանից առաջ կազմը հիմնողվին փոխած Գյումրիի «Շիրակը» վաստակել է ընդամենը 5 միավոր ու տեղավորվել նախավերջին տեղում։ Իսկ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» նույնքան միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
ArmSport-ը կապ է հաստատել ՀՊԼ ակումբների մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչով են զբաղված թիմերը դադարի ընթացքում։
«Արարատը» 2021-ի առաջին խաղը կանցկացնի փետրվարի 21-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ուրարտուին»: Սա առաջնության 6-րդ տուրից հետաձգված հանդիպում է։
Թիմը, որը մարզումները վերսկսել է հունվարի 7-ից, արդեն հասցրել է երկու ընկերական խաղ ունենալ։ Նախ, հունվարի 16-ին Ձորաղբյուրում ընդունել է «Շիրակին»՝ 1-1 ավարտելով խաղը, ապա ամսի 23-ին նույն հաշվով է ավարտել նաև «Ուրարտուի» դեմ հանդիպումը։
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առայժմ հստակեցված այլ ստուգողական խաղեր չկան, բայց կլինեն։
Այս ընթացքում երևանյան ակումբից եղել են ինչպես հեռացողներ (դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը տեղափոխվել է «Շիրակ», իսկ Ռուսլան Ավագյանի հետ պայմանագիրը խզվել է), այնպես էլ նորեկներ կան․ «Արարատ» են տեղափոխվել դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպան Արթուր Դանիելյանը, հարձակվողական ոճի կիսապաշտպան սերբ Դմիտրի Պոբուլիչը։
Ուսումնամարզական հավաք անցկացնելու վերաբերյալ հստակություն կլինի մոտ օրերս։
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արձակուրդից վերադարձել է հունվարի 17-ին ու մարզումներ անկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմը հունվարի 27-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ուսումնամարզական հավաքի, որը կտևի մինչև փետրվարի 12-ը։ «Արարատ-Արմենիան» հավաքի ընթացքում ստուգողական խաղեր կանցկացնի ռուսական «Ուրալի», «Ռոդինայի», «Զենիթի» ու լատվիական «Ռիգայի» հետ։
Հունվարի 23-ին թիմը ընկերական խաղ էր ունեցել նաև «Սևանի» հետ ու հաղթել 3-1 հաշվով։
Հայաստանի չեմպիոնի կազմն այս ընթացքում համալրել են մի շարք խաղացողներ․ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն, Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դանու Սպատարուն, Եգոր Կլիմենչուկը, պաշտպան Դավիթ Տերտերյանը, Հերադի Ռաշիդին, պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոն։ ArmSport-ի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ևս հաստատել էր, որ մարզվում է «Արարատ-Արմենիայի» հետ ու, գուցե, պայմանագիր կնքի թիմի հետ։
Չեմպիոնի կազմից եղել են նաև հեռացողներ․երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը Արթուր Դանիելյանի հետ։ Ավարտվել են Լուիս Օգանայի և Ալեքս Ջունիոր Քրիստիանի պայմանագրերի ժամկետները, իսկ Մաիլսոն Լիման տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Դիբա Ալ Հիսն»։
«Արարատ-Արմենիան» 2021-ի առաջին խաղը կանկացնի փետրվարի 21-ին՝ 6-րդ տուրից հետաձգված խաղում մրցելով «Փյունիկի» հետ։
«Ալաշկերտը» մարզումները վերսկսել է հունվարի 10-ից, որից 10 օր անց ուսումնամարզական հավաք է սկսել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Այն կտևի մինչև հունվարի 31-ը։
Նախքան այդ, թիմը հունվարի 16-ին ընկերական խաղում 3-2 հաշվով հաղթել էր «Փյունիկ 2»-ին։ Ալաշկերտցիները նախատեսում են անցկացնել նաև այլ ընկերական խաղեր․ ինչպես տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից՝ հունվարի 28-ին թիմը կմրցի «Ուրարտուի», փետրվարի 2-ին՝ «Վանի», 5ին՝ կրկին «Ուրարտուի», իսկ 14-ին՝ «Վեստ Արմենիայի» հետ։
Այս ընթացքում ակումբը խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ՝ թիմ վերադարձնելով նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին։ Ավարտվել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստ Բրայան Գարսիայի հետ, որը չի երկարաձգվել։ Ինչպես հայտնի է՝ թիմի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն։ ArmSport-ի հետ զրույցում ակումբից տեղեկացրեցին, որ այս պահին կան թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։
Covid-19-ով պայմանավորված՝ արտասահմանյան հավաք անցկացնել թիմը չի պլանավորում, բայց ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացվի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում․ այն կընթանա փետրվարի 6-ից 14-ը։
«Ալաշկերտի» առաջին խաղը փետրվարի 24-ին է «Լոռիի» հետ․ այն հետաձգվել էր 7-րդ տուրից։
«Լոռին» մարզումները վերսկսել է հունվարի 15-ից ու նախատեսում է հունվարի 30-ին Վանաձորում ընկերական խաղ անցկացնել «Արարատ 2»-ի հետ։ Ընկերական խաղեր նախատեսված են անցկացնել նաև փետրվարի 3-ին, 7-ին, 10-ին ու 13-ին, սակայն, ինչպես տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից, մրցակիցները դեռևս հստակեցված չեն։
Այս ընթացքում երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը Կարապետ Մանուկյանի, Ալմոգ Օհայոնի, Հայկ Սարգսյանի, Դեու Դոսայի, Արսեն Սիուկաեւի, Պավել Կուդրյաշովի, Անիկետ Ուռայի և Նաոր Աբոուդիի հետ։ Ակումբից հայտնում են, որ թիմից հեռացել են ևս 2 խաղացողներ, որոնց մասին առաջիկայում հայտարարություն կլինի։
Ակումբը շուտով հայտարարություն կտարածի նաև նորեկների մասին։ Մեզ հետ զրույցում «Լոռիից» հայտնեցին, որ թիմում 3 հայ և 1 բրազիլացի ֆուտբոլիստ է փորձաշրջան անցնում․ նրանց տրանսֆերները կհստակեցվեն առաջիկայում։
Թիմը արտասահմանյան հավաք չի պլանավորում ու մարզումները շարունակելու է Վանաձորում։
Առաջին խաղը վանաձորցիները կանցկացնեն փետրվարի 20-ին՝ 6-րդ տուրից հետաձգված խաղում մրցելով «Շիրակի» հետ։
«Շիրակը» մարզումները վերսկսել է հունվարի 7-ից ու երկու ընկերական խաղ է անցկացրել․ հունվարի 16-ին թիմը մրցել է «Արարատի» հետ (1-1), իսկ 24-ին՝ «Արարատ 2»-ի: Այս խաղում գյումրեցիները նվազագույն հաշվով հաղթանակ են տարել։
Ակումբի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ այլ ընկերական խաղեր անցկացնելու վերաբերյալ աշխատանքներ տարվում են, բայց առայժմ հստակություն չկա։
Այս ընթացքում ակումբից հեռացել են դարպասապահ Գևորգ Կասպարովը, Էմիլ Եղիազարյանն ու Վարդան Բակալյանը։ Թիմի կազմը համալրել են իվուարացի ֆուտբոլիստներ Տիդիան Դիամանդեն և Յակուբա Սիլուեն, ինչպես նաև սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը, որը Գյումրի է տեղափոխվել Երևանի «Արարատից»։
Ակումբից տեղեկանում ենք նաև, որ աշխատանքներ են տարվում ուսումնամարզական հավաք ունենալու հետ կապված․ պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկայում։
«Շիրակը» 2021-ի առաջին խաղը կանցկացնի փետրվարի 20-ին՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալելով «Լոռիին»։ Սա 6-րդ տուրից հետաձգված հանդիպում է։
Շարունակելի․․
Ստելլա Բաբլոյան