Ձյուդոյի Հայաստանի հավաքականը մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ շարունակում է հավաք անցկացնել Ծաղկաձորում: Տարվա առաջին ուսումնամարզական հավաքին մասնակցում են հիմնականում երիտասարդ ձյուդոյիստները: Բացակայում է հավաքականի առաջատար, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:
«Ֆերդինանդը բուժման փուլում է: Նրան հնարավորություն ենք տվել բաց թողնել այս հավաքը, բայց հաջորդին արդեն կմիանա մեզ, որպեսզի լիարժեք պատրաստվի առաջիկա մրցաշարերին: Նա թեթև վնասվածքներ ունի և մարզչական խորհրդով որոշել ենք, որ լիարժեք ապաքինվի և նոր միանա հավաքին: Նախորդ տարվա վերջին անցկացվեց Հայաստանի առաջնությունը, որի հիման վրա ձևավորվեց հավաքական թիմը: Մեծահասակների թիմում ընդգրկված են նաև շատ երիտասարդներ: Հավաքի հիմնական նպատակը ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունն է»,-նշում է հավաքականի գլխավոր մարզիչը:
Ծաղկաձորյան հավաքից հետո ձյուդոյիստները ևս մեկ հավաք կանցկացնեն՝ նախապատրաստվելով օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
«Վարկանիշային առաջին մրցաշարը տեղի է ունենալու Թել Ավիվում՝ փետրվարի 18-20-ը: Հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այս շրջանում ոչ մի հստակություն չկա, սակայն ծրագրում կա և մենք նախապատրաստվում ենք: Այս տարի ունենք նաև Եվրոպայի ու աշխարհի առաջնություն: Հերթականությամբ պատրաստվելու ենք: Երկրորդ հավաքի ընթացքում արդեն կորոշենք, թե ում կտրվի նախապատվությունը վարկանիշային մրցումներին մասնակցելու համար, և դրանից հետո արդեն կունենանք ընդհանուր պատկեր»,-ասում է Դավթյանը:
Հավաքականի մարզիչը նշում է, որ իրենք շարժվելու են ըստ օրացուցային պլանի, որպեսզի ցանկացած պահի պատրաստ լինեն ցանկացած մրցաշարի. «Նախորդ տարի կային շատ վարկանիշային մրցաշարեր, ինչպես նաև Եվրոպայի ու աշխարհի առաջնություն: 2019-ի տարեսկզբին Թել-Ավիվի մրցաշարում Կարապետյանը դուրս եկավ եզրափակիչ ու գրավեց երկրորդ տեղը՝ այն էլ վնասվածքով: Դրանից հետո արդեն վրա հասավ կորոնավիրուսը, բոլոր մրցաշարերը հետաձգվեցին և տեղափոխվեցին այս տարի: Հիմա փորձելու ենք այս բացը լրացնել: Շատ բաներ կան, որ մեզանից կախված չեն, այլ միջազգային ֆեդերացիայից ու աշխարհում տիրող իրավիճակից, ամեն դեպքում, մենք լիարժեք մարզվում ենք, որպեսզի ցանկացած պահի պատրաստ լինեն ցանկացած մրցաշարի»,-նշում է մարզիչը:
Խոսելով Օլիմպիական ուղեգրի սպասելիքների մասին Հովհաննես Դավթյանը նշում է.
«Օլիմպիական վարկանիշ է խաղարկվում ընդհանուր մրցաշարերի հանրագումարով: Կա հստակ ժամանակ և այդ ժամանակին մոտենալով պարզ կլինի, թե ով է նվաճել ուղեգիր: Ընդհանուր հավաքականի տրամադրվածությունն ու մեր նպատակն այն է, որ մասնակցենք բոլոր մրցաշարերին, որպեսզի կարողանանք բավարար վարկանիշային միավորներ ունենալ: Քանակից չեմ ուզում խոսել, էլի եմ ասում՝ հիմնականում երիտասարդ մարզիկներ են, որոնց համար ավելի ցածր կարգի մրցաշարեր ենք նախատեսել, որպեսզի մասնակցությունով ունենանք հստակ պատկեր: Հուսով եմ որ առանց վնասվածքի կամ հիվանդությունների կկարողանանք հավաքը իր նպատակին հասցնել»-ասում է Դավթյանը:
Նշենք, որ ծաղկաձորյան հավաքից հետո ձյուդոյիստները ևս մեկ հավաք կանցկացնեն՝ նախապատրաստվելով Թել-Ավիվում կայանալիք վարկանիշային մրցաշարին: