Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի դեմ դատական հայց է ներկայացվել՝ բռնաբարության մեղադրանքով: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ ենթադրյալ հանցանքը տեղի է ունեցել 2018 թվականին Դուբլինում: Մեղադրանքը ներկայացրել է իրեն տուժող համարող կինն ու նրա մայրը: Գործի մանրամասները չեն հաղորդվում:
Իռլանդացու ներկայացուցիչ Կարեն Կեսլերի խոսքով, ավելի վաղ իրականացված հետաքննության արդյունքում ապացուցվել է Մաքգրեգորի անմեղությունն այս գործով.
«Ստացվել էր գործով վկաների ցուցմունքները, ուսումնասիրվել էին տեսաձայնագրությունները: Մենք կբողոքարկենք ցանկացած անարդար որոշում»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ հունիսին Մաքգրեգորը վերջին 4 տարվա մեջ 3-րդ անգամ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Իր որոշումը նա բացատրեց նրանով, որ արդեն կորցրել է հետաքրքրությունը մենապայքարների նկատմամբ՝ արժանի մրցակցության բացակայության պատճառով:
Հոկտեմբերի կեսերին, սակայն, Մաքգրեգորը համաձայնության եկավ ամերիկացի Դասթին Պորյեի հետ՝ մենամարտի անցկացման վերաբերյալ: Այն տեղի կունենա հունվարի 23-ին Աբու-Դաբիում: