«Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Ռեալի» հետ, ուր կտեղափոխվի այս ամառ՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Այս մասին հայտնում է Marca-ն:
28-ամյա Ալաբան կլինի «Արքայական ակումբի» առաջին ձեռքբերումը՝ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ: 2021 թվականի հունվարի 1-ից հետո ֆուտբոլիստն իրավունք է ստացել բանակցություններ վարելու ցանկացած ակումբի հետ, ու «Ռեալն» արագորեն օգտվել է այդ հնարավորությունից ու Ալաբայի հետ 4 տարվա պայմանագիր համաձայնեցրել՝ 11 մլն եվրո աշխատավարձով:
Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն անցել է համապատասխան բուժզննումը՝ «Ռեալի» ակումբային բժշկի ներկայությամբ:
Դավիդը գրեթե ամբողջ կարիերայի ընթացքում պաշտպանել է «Բավարիայի» գույները: Ընթացիկ մրցաշրջանում ավստրիացի ֆուտբոլիստը գերմանական Բունդեսլիգայի 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Ալաբայի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: