Հունվարի 17-ին Աշոցքում կմեկնարկի լեռնադահուկային սպորտի և դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որը կանցկացվի երկու փուլով: Այս տարի դահուկորդների համար հագեցած է լինելու: Առջևում են տարբեր տարիքային աշխարհի առաջնություններն ու մի շարք միջզագային մրցաշարեր: Այս թեմաների, ինչպես նաև մարզաձևում առկա խնդիրների մասին զրուցել ենք Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ:
-Առջևում Հայաստանի առաջնությունն է: Քանի՞ մասնակից ունենք այս տարի և ի՞նչ սպասելիքներ կան առաջնությունից:
-Այս պաին չեմ կարող ասել մասնակցիների քանակը. ամեն ինչ պարզ կլինի միայն վերջին օրը: Մեկ օրով հետաձգեցինք առաջնությունը կապված ձյան տեղումների հետ: Ցավոք, եղանակը տաքացել էր և ձյունը հալվել էր: Կսպասենք վաղը ձյան տեղումները կվերջանան ու դահուկուղին պատշաճ տեսքի բերելուց հետո կկարողնանք սկսել առաջնության առաջին փուլի մրցատարածությունները: Հայաստանի առաջնությանը մասնակցելու են բոլոր ուժեղագույն մարզիկները, ովքեր ունեն միջազգային ֆեդերացիայի համապատասխան լիցենզիա: Հայաստանի առաջնությունը տարիներ շարունակ ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացույցում և մարզիկները վաստակում են վարկանիշային միավորներ: Հայաստանի առաջնությունը բաժանել ենք 2 փուլի, որպեսզի մարզիկները հնարավորություն ունենան իրենց վարկանիշային միավորները բարելավվելու: Բացի այդ մարզիչները փուլից փուլ կկարողանան տեսնել իրենց աշխատանքի արդյունքը:
-Ի՞նչ է սպասվում առաջնության հաղթողներին:
-Դահուկավազքի առաջնության երկու փուլի արդյունքով հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը փետրվարի 22-ից մարտի 7-ը Գերմանիայում կմասնակցի Աշխարհի առաջնությանը: Ի դեպ, նոր կանոնակարգով, եթե տվյալ երկիրը չմասնակցի Աշխարհի առաջնությանը, ապա իրավունք չի ունենա մասնակցելու Օլիմպիական խաղերին:
-Խոսեցիք Օլիմպիական խաղերից: Ի՞նչ շանսեր ունենք մենք և քանի՞ ուղեգիր կարող ենք սպասել մարզաձևում:
-Մենք ունեինք օլիմպիական երկու ուղեգրի ռեալ հնարավորություն, սակայն կորոնավիրուսը շատ ազդեց մեզ վրա: Ֆինլանդիայում յուրաքանչյուր տարվա վերջին մասնակցում էինք վարկանիշային մրցաշարերի: Նախորդ տւարվա վերջին մերոնք շատ դժվարությամբ մեկնեցին Ֆինլանդիա, բայց, ցավոք, մրցաշարերը չեղարկվեցին վերջին պահին: Իհարկե դա ազդեց բոլորի վրա, սակայն, ի տարբերություն մեզ, մյուս երկները կարողացան մասնակցել տարբեր վայրերում անցկացվելիք միջազգային մրցաշարերին, քանի որ Եվրամիության անդամ էին և խնդիր չունեին փաստաթղթային վիզաների և այլ հարցերի, իսկ մեր դեպքում դա խնդիր էր: Դա տեխնիկապես հնարավոր չէր: Ամեն դեպքում, մեր մարզիկները հավաք անցկացրեցին Ֆինլանդիայում և վերադարձան հայրենիք:
-Ի՞նչ մրցումներ են սպասվում այս տարի դահուկավազորդներին և լեռնադահուկորդներին:
-Այս տարի ունենք աշխարհի առաջնություններ, վարկանիշային մրցաշարեր: Հայաստանի առաջնության ավարտից հետո Միքայել Միքայելյանը կմեկնի Չեխիա՝ մասնակցելու միջազգային վարկանիշային մրցաշարի, բայց դեռևս սպասում ենք վերջնական հրավերի: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ մինչև վերջին պահը կարող է չեղարկեն մրցումները՝ կորոնովիրուսի հետ կապված: Փետրվարի 8-14-ը Միքայելը Ֆինլանդիայում կմասնակցի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությանը: Ի դեպ, նրանից բավական մեծ ակնկալիքներ ունենք: Անցած առաջնությանը՝ մինչև 23 տարեկանների, գրավեց 11-րդ տեղը, սակայն կարող էր է՛լ ավելի լավ արդյունք գրանցել: Լեռնադահուկորդները փետրվարին կմեկնեն Իտալիա, կմնան այնտեղ, որից հետո կմասնակցեն Աշխարհի առաջնությանը:
-Ո՞րն եք համարում դահուկային սպորտի ամենամեծ հաջողությունը վերջին տարիներին:
-Ամենամեծ հաջողությունը հենց Միքայել Միքայելյանի մասնակցությունն էր 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերին, որտեղ նա զբաղեցրեց 3-րդ տեղը, ինչպես նաև Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 11-րդ տեղը։ Ասեմ, որ Միքայելը շատ մոտ էր վեցնյակում տեղ գտնելուն:
-Ի՞նչն է խանգարում, որ չենք կարողանում մրցունակ լինել միջազգային մրցասպարեզում:
-Ենթակառուցվածքներից սկսած մինչև գույքի խնդիր: Պետք է պետական հոգածություն լինի: Պետությունը ֆինասնավորումը կրճատել է այս տարի՝ կապված պատերազմի հետ: Պատկերացրեք՝ բյուջեի կեսից ավելին միայն ծախսվում է ԱԱ-ին մասնակցության համար: Այսինքն պետության տրամադրած գումարն ամբողջությամբ գնում է Աշխարհի առաջնությանը մասնակցելու ծախսերը հոգալու համար: Այդ գումարով ԱԱ կամ միջազգային մրցաշարերի մասնակցելը դա շատ քիչ է: Պետությունը նվազագույնը 1 մասնագիտական կենտրոն պետք է ստեղծի յուրաքանչյուր մարզաձևի համար, որը կլինի Ժամանակի պահանջներին համապատասխան:
-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ կենտրոնի աշխատանքը:
-Օրինակ, Աշոցքում կամ Ապարանում լինի լեռնադահուկային սպորտի համար հնարավորություններ, ունենա նաև դահուկավազքի հնարավորություն: Ունենա տեխնիկա, ունենա համապատասխան մարզասրահ, ունենա գիշերակացի տեղ: Դա է պետական հոգածությունը մարզաձևի զարգացման համար: Ըստ մարզաձևի յուրահատկության և այդ մարզաձևի խնդիրները մասնագիտական խմբով քննարկելը կարող է բերել այդ խնդիրների լուծմանը: Այս կերպ, տարիներ անց մենք կունենանք բավական լուրջ արդյունքներ:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ