Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն ու բռնցքամարտիկի մենեջեր, Punch Boxing-ի հիմնադիր Արամ Դավթյանը Punch Boxing Armenia-ի հետ զրույցում խոսել են Երիցյանի հաղթական մենամարտի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Punch Boxing Promotions-ը ներկայացնող Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում 14-րդ անընդմեջ հաղթանակն էր տարել.
«Արդեն մեկ տարի է, ինչ մենամարտ չէի անցկացրել: Այս մենամարտին պատրաստվել եմ 3 ամիս: Այս ընթացքում շատ լավ մարզումային փուլ եմ անցել ԱՄՆ-ում: Միանշանակ քրտնաջան մարզումներն ու նպատակասլացությունն է իմ հաղթանակի գրավականը, ու ինձ թվում է մենք մեր գերնպատակը կատարեցինք այս անգամ:
Շատ հանգիստ էի ու ինքնավստահ: Ինձ համար շատ մեծ տարբերություն չկա մարզադահլիճում հանդիսատես կա թե չկա: Ես իմ գործն եմ անում: Ճիշտ է, հանդիսականների ներկայությամբ էմոցիաները ավելի շատ են լինում, բայց ինձ համար էական տարբերություն չկա»,-ասել է Գոռ Երիցյանը:
Խոսելով մենամարտի մասին Արամ Դավթյանն ասել է. «Սկզբից ասեմ, որ պանդեմիան շատ ազդեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի և ընդհանրապես մեր պլանների վրա: Մենամարտից առաջ Գոռը շատ դժվար էտապ անցավ: Երեք օր դուրս չէր եկել սենյակից, մինչև թեստի պատասխանը ստանալը: Ես էլ մենամարտը դիտում էի հյուրանոցի սենյակի պատուհանից: Շատ ուրախ եմ, որ տրամադրված 8 ռաունդից Գոռն անցավ 6 ռաունդ, քանի որ շուրջ 1 տարի է , ինչ մենամարտ չէր անցկացրել: Ես շատ էի ցանկանում, որ ինքը ավելի շատ մնար ռինգում, որպեսզի զգար հակառակորդին: Ինչպես պլանավորել էինք, այդպես էլ ստացվեց և 6-րդ ռաունդում ռեֆերին կանգնեցրեց մենամարտը»,-ասաց Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: