«Տոտենհեմի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներին կոչ է արել շարունակել ծնկի գալ ի աջակցություն սևամորթների:
«Կարծում եմ` մենք ահռելի պլատֆորմ ունենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք ողջ աշխարհում: Ակնհայտ է, որ մենք շատ բան ենք արել ի աջակցություն Black Lives Matter շարժման` ծնկի գալով խաղերից առաջ: Լսել եմ` ինչպես են մարդիկ քննարկում` արժե, որ շարունակենք այդ գործը, ու ես ասում եմ, որ արժե:
Որոշները չեն գիտակցում, որ մեզ միլիոնավոր մարդիկ են նայում ողջ աշխարհից: Իհարկե, հանդիսականները, որ կանոնավոր կերպով հետևում են Պրեմիեր լիգային, նույն բանն են տեսնում: Բայց երեխաները, որոնք առաջին անգամ են խաղը նայում, մեր ակցիան տեսնելով, կարող են իրենց ծնողներին հարցնել` ինչու ենք ծնկի գալիս:
Կարծում եմ` սա գերազանց շանս է մեր տեսակետը մարդկանց հասցնելու համար: Մեծերը կարող են նոր սերնդին սովորեցնել, թե ինչ է նշանակում միասին լինել ու օգնել միմյանց` անկախ ռասսայից»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Goal-ը: