Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլը մեկնարկում է այսօր: Խաղային առաջին օրը կմցրեն E, F, G, H խմբերի զույգերը: 8 խաղից 2-ը կսկսվեն Երևանի ժամանակով 20:55-ին, մյուսները՝ 23:00-ին:
Առաջարկում ենք ծանոթանալ օրվա հանդիպումներին:
ՉԼ նոր մրցաշրջանը կմեկնարկի G խումբը ներկայացնող Կիևի «Դինամո»-«Յուվենտուս» խաղով: Հանդիպումը Երևանի ժամանակով 20:55-ին է: Խաղին չի մասնակցի թուրինցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել:
Խմբի մյուս զույգի՝ կատալոնական «Բարսելոնայի» ու Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հանդիպման մեկնարկը 23:00-ին է: Հարկ է նշել, որ հունգարական թիմն այս մրցաշարում վերջին անգամ հանդես էր եկել 25 տարի առաջ:
20:55-ին մեկնարկող մյուս հանդիպումը կկայանա Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որտեղ տեղի «Զենիթը» F խմբում ընդունում է բելգիական «Բրյուգեին»: Վերջինիս մամուլի ծառայությունը հայտնել էր, որ թիմի մի քանի խաղացողներ հանդիպումը բաց կթողնեն կորոնավիրուսի պատճառով: Խմբի մյուս զույգը կկազմեն նախորդ մրցաշրջանում արդյունավետությամբ աչքի ընկած երկու թիմեր՝ իտալական «Լացիոն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Հանդիպման մեկնարկը 23:00-ին է:
E խմբում այօր հանդիպում են «Չելսին» ու «Սևիլյան» և «Ռենը»ու «Կրասնոդարը»: Վերջին զույգը ներկայացնող թիմերը Չեմպիոնների լիգայում հանդես կգան առաջին անգամ: Խաղերի մեկնարկը՝ 23:00-ին:
H խմբի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն ընդունելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Ի տարբերություն փարիզյան թիմի՝ Սուլշերի սաները վերջերս այնքան էլ հաջող հանդես չեն գալիս:
Իսկ խմբի մյուս զույգը ներկայացնում են գերմանական «Լայպցիգն» ու թուրքական «Բաշաքշեհիրը»: Նագելսմանի թիմը, որը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության առաջատարն է, այս զույգի ակնհայտ ֆավորիտն է:
Հանդիպումները կսկսվեն 23:00-ին:
Առաջին տուրի՝ A, B, C, D խմբերի խաղերը կկայանան վաղը՝ հոկտեմբերի 21-ին:
Ստելլա Բաբլոյան