«Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը «Արարատ-Արմենիայի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին: Սերբ մասնագետն ասել է, որ նրանք պատրաստ էին գալ Հայաստան, սակայն իրավիճակը փոխվեց:
«Մենք չէինք մտածում, թե որտեղ ենք խաղալու: Մենք նախապատրաստվում էինք խաղին ամենանորմալ ձևով, ու պատրաստվում էինք խաղալ Հայաստանում: Անակնկալ կերպով իրավիճակը ժամ առ ժամ սկսեց փոխվել, ու վերջում որոշում կայացվեց Կիպրոս մեկնելու: Մեզ համար դա բան չի փոխում: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Սա լավ հնարավորություն է «Ցրվենա Զվեզդայի» համար ԵԼ խմբային փուլ դուրս գալու համար»,-Ստանկովիչի խոսքն է մեջբերում սերբական թիմի պաշտոնական կայքը:
Մարզիչը ասել է, որ նրանք շատ լավ ուսումնասիրել են «Արարատ-Արմենիային»:
«Մենք խորապես ուսումնասիրել ենք մրցակցին: Մենք գիտենք, թե ինչ կարող են նրանք անեն, բայց նաև գիտենք, թե ինչ նրանք չեն կարող անել: Տակտիկան այդքան կարևոր չի: Ավելի կարևոր է, թե ինչպես ես դու դաշտ դուրս գալու: Դաշտ գնացող ֆուտբոլիստները շատ լավ գիտեն, թե ինչ են անելու: Սպասելիքներն ու պահանջները բոլոր ֆուտբոլիստներից շատ մեծ է: Ամեն ինչ կախված է մեզնից»,-ասել է Ստանկովիչը:
«Արարատ-Արմենիա» — «Ցրվենա Զվեզդա» խաղը կկայանա վաղը Նիկոսիայում: Մեկնարկը Երևանի ժամանակով 21:00-ին է: