Հոկտեմբերի 1-ին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» հյուրընկալելու է սերբական «Ցրվենա Զվեզդային»:
Իսկ հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը ընդունելու է համապատասխանաբար Ալբանիայի (ընկերական) և Վրաստանի (Ազգերի լիգա) թիմերին:
ArmSport-ը դիմել է «Արարատ-Արմենիայի» և ՀՖՖ մամուլի ծառայություններ՝ պարզելու արդյոք Արցախի սահմանին տիրող իրավիճակով և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, այս խաղերի վերաբերյալ փոփոխություններ նախատեսվում են:
«Այս պահին դեռ ոչ մի հստակություն չկա»,- նշեց Հայաստանի չեմպիոնի մամուլի քարտուղար Դիանա Ղազարյանը:
ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ առայժմ փոփոխություն չկա: «Ամեն ինչ ուժի մեջ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են: