Հայաստանի մարմնամարզության հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեկնել է Կիև՝ մասնակցելու միջազգային մրցաշարի՝ Ուկրաինայի բաց առաջնությանը։
Վահագն Դավթյանը ելույթ կունենա օղակների վրա վարժությունում, իսկ Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բոլոր 6 գործիքների վրա:
Մեր մարմնամարզիկները սկսել են մարզվել 1 ամիս առաջ ու այնքան էլ լավ մարզավիճակում չեն: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
«Բացի նրանից, որ մարզումները ուշ ենք սկսել, սա Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն չէ, որ մարզավիճակը բերենք-հասցնենք պիկի: Սա լուրջ միջազգային մրցաշար է, բայց պիկին հասցնելու կարիք չկա: Այլ մրցաշարերին պատրաստվելը 6 ամիս առաջ ենք սկսում սովորաբար, սրան սկսել ենք պատրաստվել 1 ամիս առաջ»,- բացատրեց նա՝ հավելելով, որ վերջնականապես երեկ առավոտյան են իմացել, որ մեկնում են մրցաշարին, երբ կորոնովիրուսի թեստ են հանձնել. բոլորի պատասխանը բացասական էր:
Մարզչի խոսքով՝ պրոֆեսիոնալ մարզիկի համար 1 տարի մրցման չմասնակցելն անիմաստ է ու այդ առումով Ուկրաինայի բաց առաջնությունը տոնուսի գալու լավ հնարավորություն է:
Գագիկ Խաչիկյանը մեծահասակների մրցաշարի կմասնակցի առաջին անգամ: «Լավ պոտենցիալ ունի»,- ասում է մարզիչն ու հույս հայտնում, որ ամեն ինչ լավ կլինի:
ՀՀ պատվիրակությունը մրցավայր է մեկնել Երևան –Կիև չվերթով ու հայրենիք է վերադառնալու սեպտեմբերի 28-ին: