Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 26 մասնակիցները հայտնի էին դեռ վաղուց, իսկ մնացած 6 մասնակիցները հայտնի կդառնան այս ամսվա վերջին։ 12 թիմ՝ բաժանվելով 6 զույգերի, կպարզեն, թե ովքե՞ր են այն հաջողակները, որոնք կմասնակցեն ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին։
Նշենք, որ այս դիմակայությունները բաղկացած կլինեն երկու հանդիպումներից․ այսինքն՝ մեկ խաղով չի որոշվի, թե որ թիմը դուրս կգա խմբային փուլ։ Այնպես որ, այս փուլում մեզ սպասվում է անչափ հետաքրքիր 12 հանդիպում, որոնցից 6-ն արդեն իսկ կկայանան այսօր և վաղը։
Նաև նշենք, որ այս զույգերում պարտվողների համար եվրագավաթային մրցաշրջանը չի ավարտի․ նրանք իրավունք կստանան հանդես գալ Եվրոպա Լիգայի խմբային փուլում։
✅ «Կրասնոդար» — ՊԱՕԿ
ՉԼ-ի նախորդ խաղարկությունում՝ կրկին որակավորման փուլում, ռուսական ակումբը երրորդ փուլում անցավ պորտուգալական «Պորտուին», սակայն փլեյ-օֆֆ փուլում առաջին խաղում 0-4 հաշվով զիջեց հունական «Օլիմպիակոսին»՝ պարտվելով նաև պատասխան խաղում (1-2)։ Այժմ նրանց ճանապարհին կանգնած է կրկին հունական ակումբ․ ՊԱՕԿ-ը իր եվրագավաթային մրցաշրջանը, ի տարբերութուն կրասնոդարյան ակումբի, սկսեց որակավորման 2-րդ փուլից։ Նախ նրանք հաղթահարեցին «Բեշիքթաշի» արգելքը (3-1), իսկ այնուհետև հաղթեցին «Բենֆիկային» (2-1): Շատերը կարծում են, որ «Կրասնոդարը» հիանալի մարզավիճակում է, չէ՞ որ օրերս «ցլերը» 7-2 հաշվով ջախջախեցին «Խիմկիին»։ Սակայն դա մեդալի մի կողմն է միայն․ ռուսական թիմը խիստ անկայուն է հանդես գալիս, իսկ ՊԱՕԿ-ը, կներեք, դա «Խիմկի» չէ։ Հունական ակումբը «ամուր ընկույզի» համբավ ունի․ 18-ամյա հրաշամանուկ Քրիստոս Ցոլիսը և լավ մարզավիճակում գտնվող Ժիվկովիչը կարող են մեծ գլխացավանք դառնալ ռուսական ակումբի համար։
⚽ Սեպտեմբերի 22, հանդիպման մեկնարկը՝ 23։00
✅ «Սլավիա» — «Միդտյուլանդ»
Այս զույգում ֆավորիտին ընդգծել դժվար կլինի։ Փորձի տեսանկյունից, իհարկե, առավելությունը չեխական ակումբի կողմն է․ նրանք ՉԼ-ի նախորդ մրցաշրջանի խմբային փուլի մասնակից են, որտեղ վատ տպավորություն չթողեցին։ Ինչ վերաբերվում է Դանիայի չեմպիոնին, ապա համեմատաբար երիտասարդ ակումբը (հիմնադրվել է 21 տարի առաջ) դեռևս նման փորձ չունի։ Դանիական «գայլերը» որակավորման երկրորդ փուլում հետագա պայքարից դուրս թողեցին բուլղարական «Լուդոգորեցին» (1-0), իսկ հաջորդ փուլում՝ շվեյցարական «Յանգ Բոյսին» (3-0): Երկու թիմերն էլ, կարելի է ասել, կարգով ամենևին չեն զիջում «Սլավիային»։ Իր հերթին՝ չեխական թիմը ներկա պահին գտնվում է շատ լավ մարզավիճակում, որի վառ ապացույցը ներքին առաջնությունում բավականին արդյունավետ խաղն է։ Կարծում եմ՝ այս զույգում թիմերի շանսերը հավասար են, և մեզ սպասվում է անչափ հետաքրքիր երկու դիմակայություն՝ սլավոնական հարձակվողական ֆուտբոլն ընդդեմ սկանդինավյան ամուր պաշտպանական պատնեշի։
⚽ Սեպտեմբերի 22, հանդիպման մեկնարկը՝ 23։00
✅ «Մակքաբի Թել Ավիվ» — «Զալցբուրգ»
Իսրայելական ակումբը ՉԼ-ի այս մրցաշրջանը սկսեց որակավորման առաջին փուլից՝ հաղթահարելով հետխորհրդային երեք ակումբների արգելքը՝ լատվիական «Ռիգայի» (2-0), լիտվական «Սուդուվայի» (3-0) և բելառուսական «Դինամո Բրեստի» (1-0)։ Եթե նախորդ երկու զույգերում ֆավորիտները միանշանակ չեն, ապա այս դեպքում, դժվար է պատկերացնել, որ «Մակքաբին» կկարողանա առավելության հասնել ավստրիական ֆուտբոլի դոմինանտի՝ «Զալցբուրգի» նկատմաբ։ Այո, «կարմիր ցլերի» կազմը նախորդ տարվա կազմի հետ չես համեմատի․ չկան Հոլանդը, Մինամինոն, Հվանը, սակայն մենք արդեն սովոր ենք, որ ամեն մրցաշրջանից հետո ավստրիական ակումբը, բաժանվելով իր առաջատարներից, կարճ ժամանակում կրկին մարտունակ թիմ է կազմում։ Այժմ փայլում են նոր անուններ՝ Դակա, Սոբոսլայի, Կոյտա, Օնգուենե, Մվեպու, որոնց ArmSport-ը ավելի վաղ արդեն անդրադարձել էր Ֆուտբոլային Սկաուտ շարքում։ Այնպես որ, «Մակքաբիի» շանսերն այս դեպքում չնչին են։ Բայց մյուս կողմից էլ, սա մեծն ֆուտբոլն է, որտեղ հնարավոր է ամեն ինչ․․․
⚽ Սեպտեմբերի 22, հանդիպման մեկնարկը՝ 23։00
✅ «Մյոլդե» — «Ֆերենցվարոշ»
Թիմեր, որոնք երկուսն էլ մեկնարկեցին ՉԼ-ի որակավորման առաջին փուլից։ Նորվեգական «Մյոլդեն» առաջին փուլում 5-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հարևան երկրի՝ Ֆինլանդիայի չեմպիոն ԿուՊՍ-ի նկատմամբ, այնուհետև հաղթեց «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակցին՝ սլովենական «Ցելյեին», իսկ նախորդ փուլում, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց «Քարաբախից»։ Հունգարական թիմը իր հերթին հաղթեց շվեդական «Յուրգորդենին» (2-0), շոտլանդական գրանդին՝ «Սելթիկին» (2-1), իսկ երրորդ փուլում ռևանշի հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ (2-1), որը ՉԼ-ի նախորդ խաղարկությունում ընդհանուր 5-1 հաշվով հաղթել էր հունգարացիներին։ Հատկանշական է, որ «Ֆերենցվարոշի» առաջատարներից մեկը նորվեգացի Նգուենն է։ 1960-ականներին Հունգարիայի ամենատիտղոսակիր թիմը՝ «Ֆերենցվարոշը», լավագույն ակումբներից մեկն էր Եվրոպայում, սակայն վերջին անգամ ակումբը հանդես է եկել ՉԼ-ի խմբային փուլում 25 տարի առաջ։ Նախորդ մրցաշրջանում հունգարական թիմը կարողացավ դուրս գալ Եվրոպա Լիգայի խմբային փուլ, միգուցե ժամանա՞կն է վերադառնալ Չեմպիոնների Լիգա․․․
⚽ Սեպտեմբերի 23, հանդիպման մեկնարկը՝ 23։00
✅ «Օլիմպիակոս» — «Օմոնիա»
Այս զույգում ֆավորիտն առաջին հայացքից ակնհայտ է․ միջերկրածովյան դուելում հունական գրանդը, ամենայն հավանականությամբ, վերջ կդնի «Օմոնիայի» ոդիսականին, որը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում հաղթեց «Արարատ-Արմենիային» (լրացուցիչ ժամանակում՝ 1-0), հաջորդ փուլում հաղթեց լեհական «Լեգիային» (կրկին րացուցիչ ժամանակում՝ 2-0), իսկ այնուհետև՝ ԵԼ-ում «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակից «Ցրվենա Զվեզդային» (հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում), եթե, իհարկե, մեր թիմը հաղթահարի սլովենական «Ցելյեի» արգելքը։ Խաղի հիմնական ժամանակում ոչ-ոքիների «սիրահար» «Օմոնիային» այս փուլում բավականին դժվար կլինի հաղթահարել «Օլիմպիակոսի» արգելքը, սակայն, ո՞վ գիտի, միգուցե նրանց «ոչ-ոքի սթայլը» այս անգամ էլ հաջողության նժարը թեքի դեպի կիպրոսյան ակումբը։ Շատ բան պարզ կլինի դիմակայության առաջին խաղից հետո։
⚽ Սեպտեմբերի 23, հանդիպման մեկնարկը՝ 23։00
✅ «Գենտ» — «Դինամո Կիև»
Հետաքրքիր դիմակայություն է սպասվում Բելգիայի և Ուկրաինայի փոխչեմպիոնների միջև։ Բելգիական «Գենտը» որակավորման երրորդ փուլում դժվարին հաղթանակ տարավ ավստրիական «Ռապիդի» նկատմամբ (2-1), իսկ կիևյան թիմը, ընդհակառակը, վստահ խաղով հաղթեց նիդերլանդական «Ալկմարին» (2-0): «Գենտը», որի կազմը վերջերս լքեց Բելգիայի առաջնության գլխավոր աստղերից մեկը՝ կանադացի Ջոնաթհան Դեյվիդը (տեղափոխվել է «Լիլ»), այդքան էլ հաջող հանդես չի գալիս ներքին առաջնությունում և ներկա պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում։ Իսկ «Դինամոն» բավականին լավ մարզավիճակում է և նոր գլխավոր մարզչի՝ Միրչա Լուչեսկոյի գլխավորությամբ դեռ ոչ մի պարտություն չի կրել։ Այնպես որ, այս դիմակայությունում, կարծում եմ, ուկրաինական ակումբի՝ խմբային փուլ դուրս գալու հնարավորությունը մի փոքր ավելի մեծ է։ Եվ վերջում մեկ հետաքրքիր փաստ․ բելգիական ակումբի հիմնական կազմում հանդես են գալի երեք ուկրաինացիներ, որն էլ ավելի սկզբունքային է դարձնում առաջիկա հանդիպումները։
⚽ Սեպտեմբերի 23, հանդիպման մեկնարկը՝ 23։00
Հիշեցնենք, որ այս դիմակայությունները բաղկացած են երկու խաղերից՝ «տնային և արտագնա» ձևաչափով։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 29/30-ին։
Վար Բաբայան