ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը հնարավոր է տեղի ունենա Քաթարում՝ 2021 թվականի սկզբին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոն:
Հին ձևաչափով ակումբային աշխարհի վերջին առաջնությունը նախատեսված էր այս տարվա դեկտեմբերին:
«Քանի որ որոշ կոնֆեդերացիաների Չեմպիոնների լիգաները չեն ավարտի մինչև դեկտեմբեր, դժվար թե այս մրցաշարը տեղի ունենա այս տարվա դեկտեմբերին, ինչպես նախատեսված էր: Բայց մենք քննարկում ենք, մենք փնտրում ենք տարբերակներ, միգուցե այն տեղի ունենա Քաթարում հաջորդ տարվա սկզբին», — ասել է Ինֆանտինոն:
2021 թվականից ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի նոր ձևաչափով, մասնակիցների թիվը յոթից կհասնի 24-ի, մրցաշարը կանցկացվի չորս տարին մեկ: Առաջին առաջնությունը պետք է անցկացվեր Չինաստանում ամռանը, բայց Եվրոպայի առաջնության ժամկետները փոխելուց հետո այն հետաձգվեց:
«Մենք պատրաստվում ենք անցկացնել մրցաշարի նոր տարբերակի առաջին վիճակահանությունը, որը զգալի խթան կհանդիսանա ամբողջ աշխարհում ակումբային ֆուտբոլի զարգացմանը, քանի որ մրցաշարին կմասնակցեն տարբեր մայրցամաքների ավելի շատ ակումբներ», — ավելացրել է ՖԻՖԱ-ի նախագահը:
Ակումբային աշխարհի առաջնությունն անցկացվում է 2000 թվականից, որին մասնակցում էին վեց մայրցամաքային կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ուժեղագույն ակումբները և հյուրընկալող երկրի լավագույն ակումբները: Մրցաշարի ներկայիս հաղթողն է անգլիական «Լիվերպուլը»: