Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, Հայաստանի գավաթի ու սուպերգավաթի հաղթող Ռաֆայել Ղազարյանը մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացների կմասնակցի: Այս մասին 34-ամյա նախկին ֆուտբոլիստը հայտնել է ArmSport.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Դասընթացները կանցկացվեն հունվար-փետրվար ամիսներին: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ ֆուտբոլում, ու արդեն փորձել ֆուտբոլում հաջողությունների հասնել որպես մարզիչ: Ընդ որում, ցանկանում եմ սկսել մանկապատանեկան ֆուտբոլից ու աստիճանաբար կարիերա ստեղծել: Ավելի հեռահար նպատականերիցս մեկը ֆուտբոլի դպրոց ունենալն է»,- պատմում է Ռաֆայել Ղազարյանը:
Մարզչական դասընթացներն առհասարակ մեկնարկում են C կարգից, բայց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում 100-ից ավելի հանդիպում անցկացրած ֆուտբոլիստները կամ հավաքականում խաղացածները կարող են միանգամից B կարգի արտոնագրի դասընթացին մասնակցել:
Անդրադառնալով ֆուտբոլային կարիերայի լավագույն հիշողություններին՝ ֆուտբոլիստն առանձնացնում է առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը, Եվրոպա լիգայում և Չեմպիոնների լիգայում ունեցած ելույթներն, ինչպես նաև Եվրոպա լիգայում մակեդոնական «Ռուդարին» խփած գոլը:
Ռաֆայել Ղազարյանը ֆուտբոլիստի կարիերայի գերակշռող մասն անցկացրել է Երևանի «Միկայում», որի կազմում 2011 թվականին նվաճել է Հայաստանի գավաթը, 2012/13 մրցաշրջանում՝ Սուպերգավաթը, 2012/13 մրցաշրջանում ՝ նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալները:
Հայաստանի չեմպիոնի կոչումը Ղազարյանը նվաճել է արդեն «Ալաշկերտի» կազմում՝ 2015/16 մրցաշրջանում: Երևանյան թիմի հետ 2018/19 մրցաշրջանում դարձել է նաև Հայաստանի սուպերգավաթակիր:
«Գանձասարի» հետ Ղազարյանը դարձել է Հայաստանի գավաթակիր (2017/18), ինչպես նաև Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև մի շարք այլ ակումբներում, այդ թվում Երևանի «Լոկոմոտիվում», որտեղ եղել է թիմի ավագը:
Ռաֆայել Ղազարյանի հետ զրուցել ենք նաև հայկական ֆուտբոլում առկա իրավիճակից:
«Ազգային հավաքականի առջև միշտ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների խմբային փուլում հայտնվելու խնդիր է դրվում, բայց միշտ ինչ-որ բան չի հերիքում ու ձախողվում ենք. այստեղ խնդիրները խորքային են: Ամենաառաջնային հանգամանքն այն է, որ ֆուտբոլիստները մանկապատանեկան տարիքից պետք է կրթվեն այնպիսի մարզիչների մոտ, որոնք ֆուտբոլային ճանապարհ են անցել: Հայաստանում արդեն նախկին ֆուտբոլիստները գնում են մարզչական ճանապարհով, ինչը շատ ողջունելի է: Մյուս ամենակարևոր կողմն, ըստ իս, ֆինանսներն են:
Այսօր աշխարհում ու Եվրոպայում հիմնականում հաջողության են հասնում այն թիմերն ու հավաքականները, որոնք անհամեմատ ավելի մեծ գումարներ են ծախսում ու շատ մեծ ուշադրություն են դարձնում իրենց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Կարծում եմ՝ մենք էլ ենք արդեն այդ ճանապարհով գնում, բայց նկատելի արդյունքների համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասում է նախկին ֆուտբոլիստն ու հույս հայտնում՝ 5-6 տարուց Հայաստանի պատանեկան հավաքականները կհամալրվեն արդեն նոր սերնդի ու ժամանակակից ֆուտբոլային գիտելիքներ ունեցող մարզիչների կրթած ֆուտբոլիստներով: