VBet բասկետբոլի Հայաստանի A լիգայի առաջնությունը թափ է հավաքում: Նոր մրցաշրջանում կայացած 2-3 տուրերի ընթացքում 6 թիմերն արդեն իսկ համառ պայքար են մղում: B լիգայում նույնպես մեծ մրցակցություն է, և միանշանակ կարելի է ասել, որ այն ծառայում է իր բուն նպատակին:
Բասկետբոլի A և B լիգաների հիմնադիր նախագահ Արա Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ֆեդերացիայի գործընկեր և առաջնությունների հովանավոր VBet ընկերությունը մրցաշարերի զարգացման և բասկետբոլում առաջընթացի գործում մեծ ներդրում ունի:
«Այս տարի հարաբերությունների էլ ավելի բարձր մակարդակ է: Առաջնությունների տիտղոսային անվանումը փոխվել է` դառնալով VBet A և B լիգաներ: Համատեղ գործակցության շնորհիվ ունենք վիճակագրության հզոր և ժամանակակից կայք: VBet-ը մեզ աջակցում է նաև մարքեթինգի զարգացման և բասկետբոլի հանրայնացման գործում»,- տեղեկացնում է Արա Պողոսյանը։

Հայկական բասկետբոլի զարգացման գործում էական է նաև հայ բասկետբոլիստներին անհրաժեշտ խաղաժամանակը, կանոնակարգային մոտեցումները, որոնց շնորհիվ հայ բասկետբոլիստները կարող են առաջընթաց գրանցել: Ինչպես ֆուտբոլում, այնպես էլ բասկետբոլում, թափ են առել լեգիոներների լիմիտի մասին խոսակցությունները: ՀԲՖ-ն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել:
Պողոսյանը նշեց, որ նոր օրենքի համաձայն պարտադիր է խաղահրապարակում առնվազն մեկ բասկետբոլիստի առկայությունը: Վերջինս նշեց, որ որոշմանը անհամաձայնություն հայտնած ակումբներ են եղել: Ըստ VBet լիգաների նախագահի` փաստ է, որ թիմերը այդ հանգամանքից չեն թուլացել և հայազգի բասկետբոլիստներով լավ կազմ են ստեղծել:
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» և «Երևանը» հանդես են գալիս հիմնականում հայ բասկետբոլիստներով: Արա Պողոսյանը նկատում է, որ այդ ակումբներն առավել քան մրցունակ են և ուրախալի է, որ այդկերպ աջակցում են հայկական բասկետբոլի զարգացմանը:
A լիգայում այս մրցաշրջանից իրենց մրցելույթներն են սկսել «Երևանը» և «Գյումրին»: Ինչպես հայտնի է, «Արցախը» և «Արթիկը» լքել են A լիգան: «Արթիկը» լուծարվել է, իսկ «Արցախը» հանդես է գալիս B լիգայում: Այստեղ Պողոսյանն ընդգծեց ակներև առաջընթացը. «B լիգան էականորեն ուժեղացել է: Մեծ թով արտասահմանցի բասկետբոլիստներ կան: Ունենք 10 թիմ, ինչը կնպաստի մեծ մրցակցությանը, քանի որ 4 թիմեր A լիգայում հանդես գալու հնարավորություն են ունենալու»:

«Արագածը» և «Ուրարտուն» մասնակցում են Եվրասիական լիգային: Այստեղ գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ և մյուս թիմերի միջև տարբերությունը չի զգացվի.
«Մի քիչ երևի «խփում է» մրցակցությանը: Հասկանում ենք, որ այդ թիմերը շատ են ուժեղացրել կազմը: Բայց անհանգստանալ պետք չէ, մյուս թիմերը կամաց-կամաց են ուժեղանում: Փլեյ-օֆում ավելի ուժեղ թիմեր կտեսնենք: Ամեն դեպքում զգացվում է, որ «Ուրարտուն» և «Արագածը» առավելություն ունեն այդ առումով: Սա վատ չէ, ցանկացած ուժեղ լիգաներում 1-2 թիմ են առաջատար լինում, բացի իհարկե NBA-ից: Դեռ 3 տուր է անցել, լավ է մրցակցությունը»,- համաձայնեց Պողոսյանը:
Հայտնի դարձավ, որ ՀԲՖ-ն, VBet-ի հետ բանակցում է «Կենտրոն» հեռուստաընկերության հետ, որպեսզի տարեկան 30-40 հանդիպում ցուցադրվի ուղիղ եթերում: Սա, իհարկե, TV հեռարձակումներն օգտագործելով, հնարավորություն կտա ակումբներին նոր հովանավորներ ձեռք բերել:
Հայկական բասկետբոլի ցավոտ կետերից մեկը մարզադահլիճների սակավությունն է: Պողոսյանը անդրադարձավ նաև այդ թեմային.
«Սկսեմ Գյումրիից. միակ մարզադահլիճը, որտեղ A և B լիգաների հանդիպումներ են անցկացվում, վատ վիճակում է. ջեռուցում չկա, հատակը անհրաժեշտ չափանիշներին համապատասխան չէ, անգամ լուսատախտակ չկա: Դա «Գյումրի» ակումբի մեղքը չէ, դա մեր՝ Հայաստանի մեղավորությունն է։ Գիտեմ, որ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում լինելու է բասկետբոլի մարզադահլիճ՝ մոտ հազար հանդիսականներով: Գյումրիի թիմերը մարզվում են այնտեղ, բայց խաղալու են Երևանում: Դահլիճների բացակայությունը բասկետբոլի զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Մատների վրա կարող ենք հաշվել այն տեղերը, որտեղ կարող ենք խաղալ բասկետբոլ. ՄԶՀՀԿ (նախկին «Միկա»), Օլիմպավան, ԵՊՀ-ի մարզադահլիճ, «Գրանդ Սպորտ»…: «Գրանդ սպորտը» փակել է բասկետբոլի ծրագիրը, ԵՊՀ-ում միայն ֆուտզալ են խաղում, «Օլիմպավանում» մեկ րոպե ազատ ժամանակ չկա, լեփ-լեցուն է բասկետբոլը: «Միկայի» հարցով ծրագիր ունենք, որպեսզի վարձենք, և այնտեղ միայն բասկետբոլ լինի: Ինֆորմացիա կա, որ ցանկանում են այնտեղ ֆուտզալ խաղալ…: Բասկետբոլը պետք է զարգացման նախադրյալներ ունենա. գիտեք, որ չունենք հնարավորություն 0-ից կառուցել: «Միկայի» խնդիրը լուրջ է. այնտեղ ժամանակի 60-70 տոկոսը ֆուտզալ են խաղում»,- մարզաձևի հիմնական խնդիրների մասին կիսվում է Արա Պողոսյանը։

VBet ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ռաֆայել Դավթյանն իր հերթին նշեց, որ ընկերության համար ևս կարևոր է համագործակցությունը և, կատարված աշխատանքներից բացի, ունեն նաև նոր ծրագրեր, որոնց մասին կհայտնեն առաջիկայում։
«Ամեն ինչ գնում է բասկետբոլի հանրայնացման ուղով: Արդեն իսկ մեծ առաջընթաց է, որ երկրպագուները կարողանում են դիտել հանդիպումների ուղիղ հեռարձակումները: Միջոցառումներ են անցկացվելու նաև մարզահամալիրներում: Եվրասիական լիգայի` հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները ևս ցուցադրվելու են Հայաստանում»,- հավելեց Դավթյանը: