Ֆուտբոլային աշխարհում հարաբերական անդորր է։ Միջազգային դադարից հետո ակումբները մեծ թափով պատրաստվում են առաջիկա հանգստյան օրերի խաղերին։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա, մի փոքր շեղվենք բուն ֆուտբոլից ու բացահայտենք մեզ համար նոր իրողություններ։
Ողջու՜յն։ Այսօր խոսելու ենք մոլորակի ամենազարմանահրաշ վայրերից մեկի մասին։ Մարզադաշտեր, կամ որ ավելի էմոցիոնալ է հնչում ու պարունակում իր ողջ էությունը՝ ՍՏԱԴԻՈՆ։ Այո՛, հենց այստեղ են մարդիկ ուրախանում, չեմպիոն հռչակվում, պարտվում, լացում, կամ էլ երգում ու բացականչում լիդերի անունը․․․ի՞նչ, ի՞նչ լիդեր, ի՞նչ երգել, հիմա խորասուզվենք․․․
Սեպտեմբերի 11, 2010 թվական։ Միգուցե թվերի այլ հերթականության դեպքում հիշեինք պատմության ամենազարհուրելի էջերից մեկը, սակայն սա այդ դեպքը չէ։ Թերևս քչերն են հիշում, թե ինչ պայմաններում անցավ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալի» առաջին տնային հանդիպումը։ Լա լիգայի երկրորդ տուրն էր, «Սանտիագո Բեռնաբեու» հյուր էր եկել «Օսասունան»։ Տանտերերը հաղթեցին 1-0 հաշվով։

Խաղից հետո Ժոզեն, չնայած «Ռեալի» ղեկին տարած առաջին պաշտոնական հաղթանակին, դժգոհեց խաղադաշտի որակից․ «Մենք ասես կարտոֆիլի դաշտում խաղալիս լինեինք»,-բողոքեց Special One-ը։
Եվ իսկապես նա ճիշտ էր։ Դաշտի մի հատվածում խոտ գրեթե չկար, մնացել էր հողանման ինչ-որ զանգված։ Ինչու՞․ եկեք հասկանանք։
Բանն այն է, որ ամառային դադարների ընթացքում, երբ ակումբները ֆուտբոլ չեն խաղում, ֆուտբոլային ստադիոնները վերածվում են համերգներ ընդունող վայրերի։ Հենց այդպես էր եղել նաև 2010-ին։ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած վերջին համերգից հետո խոտածածկը կարգի բերել չէին հասցրել, ու ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ սարսափելի վիճակում կարող է լինել անգամ Մադրիդի գլխավոր մարզադաշտի խոտածածկը։

Ուեմբլի ստադիոնը Մեծ Բրիտանիայի ամենահայտնի վայրերից մեկն է։ Այստեղ 1985 թվականի հունիսին մի համերգ կազմակերպվեց, որի մասին իմացավ ողջ աշխարհը։ Խոսքը Live Aid-ի մասին է։ «Ուեմբլիում» ֆուտբոլային ոչ մի թիմ տնային հանդիպումներ չի անցկացնում։ Ստադիոնը ֆուտբոլային նպատակով օգտագործում են Անգլիայի գավաթի և Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչների համար։
Նախորդ տարի Լոնդոնի «Տոտենհեմը» «Ուարթ Հարթ լեյնից» ներկայիս ստադիոն տեղափոխվելու ճանապարհին «անցավ» «Ուեմբլիով»։ Բանն այն է, որ «խցանները» տնային մի շարք խաղեր ստիպված եղան անցկացնել Լոնդոնի գլխավոր մարզադաշտում։

Երկրպագուների հիշողությունների մեջ թարմ է լեգենդար Ուեմբլիի խայտառակ տեսքը «Բարսելոնայի» դեմ ՉԼ-ի խմբային փուլի խաղերից մեկում։ Պատճառը, կարծում եմ, արդեն պարզ է։ «Ուեմբլիում» անշլագ է եղել այնպիսի երգիչների համերգների ժամանակ, ինչպիսիք են Էմինեմը (այսօր նշում է ծննդյան 47-ամյակը) Էդ Շերանը, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը և այլք։
2009 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալած ստադիոնը՝ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտը, ևս շատ հայտնի է բազմաթիվ համերգներ ընդունելով։ Հանրահայտ Muse խմբի Հռոմի համերգը լավագույններից մեկն է եղել խմբի պատմության մեջ։

Coldplay խմբի համերգը Մյունխենի «Ալիանս Արենա» ստադիոնում
Իտալիայի մեկ այլ քաղաքում՝ Միլանում, բացի լեգենդար «Լա Սկալայից» մարդիկ երգում են նաև «Սան Սիրոյում»։ Ոչ վաղ անցյալում այնտեղ ելույթ ունեցան Coldplay-ի տղաները։
Սահուն անցում քաղաքականությանը
Նախընտրական քարոզարշավների ժամանակ պետությունների նախագահները «հիշում» են ստադիոնների գոյության մասին։ 2018 թվականին Մոսկվայի հանրահայտ Воробьевы Горы-ի մերձակայքում գտնվող «Լուժնիկի» մարզադաշտը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր։ Այնտեղ անցկացվեցին Մունդիալի գլխավոր խաղերն ու եզրափակիչը։ Սակայն քչերը գիտեն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նույն տարվա մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այդ նույն «Լուժնիկիում» էր հավաքել իր ընտրողներին, ռուսական շոու-բիզնեսի աստղերին ու խոսում էր իր հետագա անելիքների մասին։ Երեկոն ավարտվեց Ռուսաստանի հիմնի կատարմամբ։ Դա իսկապես գեղեցիկ էր։ Ստորև՝ տեսանյութը։
Կիևի «Օլիմպիական» ստադիոնն էլ վերջին մի քանի տարիների ընթացքում ինչ ասես, որ չտեսավ։ Այդ հոյակերտ կառույցում նշանակվեց 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին» 3-1 հաշվով։ Լորիս Կարիուսի խայտառակ սխալը մի կողմ դնելով՝ փաստենք, որ Կիևի «Օլիմպիականը» տեսավ Գարեթ Բեյլի չքնաղ գոլն ու «Ռեալի» եվրոպական չեմպիոնների 13-րդ գավաթը։
Բեյլի գոլից մեկ տարի չանցած «Օլիմպիականում» Ուկրաինայի նախագահի երկու թեկնածուներ՝ Վլադիմիր Զելենսկին և այդ ժամանակվա գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն դեբատ անցկացրին։ Զելենսկին մարտահրավեր էր նետել, Պորոշենկոն չէր մերժել։ Համաձայնվե՛ք, ստադիոնը լավագույն տեղը չէ քաղաքական բանավեճերի համար։
Եվ տառացիորեն երեկ, Ալեքսանդր Զինչենկոն նույն «Օլիմպիականում» ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն։ Չմոռանանք նաև «Օկեան Էլզիի» բազմահազարանոց համերգի մասին:
Ու քանի որ շատ խոսեցինք Կիևի գլխավոր մարզադաշտի մասին, առաջարկում եմ լսել 2CELLOS-ի խելահեղ կատարումը 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ։
Լսեցի՞ք։ Ֆանտաստիկ էր, այդպես չէ՞։ Ահա, թե ինչ է պատահում, երբ ֆուտբոլային հանդիպման մեկնարկին ընդառաջ այդ նույն ստադիոնների առաջին ու երկրորդ գործառույթները խառնվում են իրար։ Ստացվում է մեկ բան․ անվերջանալի գեղեցկություն․․․
Արամ Սահակյան