Ֆուտբոլային գալիք 2020/21 մրցաշրջանը կնշանավորվի նրանով, որ ԵԱՏՄ անդամ երկրներում միության քաղաքացի հանդիսացող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն այլևս կդադարեն լեգիոների կարգավիճակ ունենալ։ 2020թ․-ի սկզբից այդ սահմանափակման վերացման մասին հայտարարեց Ղազախստանը, և ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստները դեռ այս մրցաշրջանից էին միացել ղազախական ֆուտբոլին՝ ոչ լեգիոների կարգավիճակով։ Նույն սահմանափակման վերացումն օրինական ուժի մեջ կմտնի Ռուսաստանում այս տարվա օգոստոսի 1-ից։ Այն որ լեգիոներների սահմանափակումը կվերացվի նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, այս դրույթը ամրագրվել է դեռևս 2020թ-ի հունվարի 23-ին Երևանում ԵԱՏՄ անդամ պետությունների ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների ստորագրած հուշագրում։
Այս հարցում հայկական ֆուտբոլային ամենամեծ հետաքրքրությունը թերևս սևեռված է դեպի Ռուսաստան։ Նոր փոփոխություններն ի՞նչ անդրադարձ կունենան մեր ֆուտբոլի վրա՝ ArmSport-ը փորձել է խնդիրը վերլուծել տարբեր ասպեկտներից՝ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների հետ միասին։
ՌԴ-ում հայ ֆուտբոլիստների լեգիոներ չհամարվելը օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար: Հայ ֆուտբոլիստներն ավելի շատ հնարավորություն կունենան իրենց դրսևորել ռուսական Պրեմիեր լիգայում: ArmSport-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը․

«Որոշումը հասունացել էր, և դա կօգնի հայ ֆուտբոլիստներին զարգանալ արագ: Գաղտնիք չէ, որ տղաների մեծ մասը, ովքեր հասնում են կոնկրետ մակարդակի, շատ են ցանկանում, որ գնան արտասահման, իսկ Հայաստանում չեն կարող զարգացում ապրել։ Ֆուտբոլիստները, ովքեր խաղում են Հայաստանի հավաքականում, արդեն ունեն այդ հնարավորությունը։ Իրականում, Հայաստանում շատ են տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստները։ Նրանց չի բավարարում ֆիզիկական տվյալները, առանց գնդակի խաղը և ինտենիսվությունը։ 90 րոպե շարունակ չեն կարող խաղալ մաքսիմալ հզորությամբ: Շատ հայ ֆուտբոլիստներ արդեն հնարավորություն ունեն իրենց փորձել Ռուսաստանում՝ թե Պրեմիեր լիգայում և թե ՖՆԼ-ում»։
Հարցի նախապատմությունը
ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների ֆուտբոլիստներին լեգիոներ չհամարվելու հարցը քննարկման և լրատվամիջոցների գլխագրերի թեմա է միության ստեղծման օրվանից՝ 2015թ-ից։ Տնտեսական միության հիմքում ընկած է ոչ միայն ազատ առևտրի, այլև աշխատուժի ազատ տեղաշարժման գաղափարը։ Ռուսաստանը, սակայն, դեմ էր ԵԱՏՄ համաձայնագրում ամրագրված այս դրույթը կիրառել սպորտի բնագավառում՝ հիմնավորելով, որ սահմանափակումները ծառայում են պրոֆեսիոնալ սպորտի ոլորտում Դաշնության պետական քաղաքականության իրականացման նպատակին և ուղղված են ռուս մարզիկների պատրաստման համար պայմանների ստեղծմանը:
Ուշագրավ է, որ պրոֆեսիոնալ մարզիկների իրավունքների խախտման մասին Եվրասիական Տնտեսական Հանձանժողովում (ԵՏՀ) առաջին պաշտոնական հարցադրումն արել է Հայաստանը դեռևս 2016 թ-ի հունիսին՝ ի դեմս փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի։ Հենց այդ հարցադրման հիմքով էլ ԵՏՀ-ն հայցով դիմել է ԵԱՏՄ դատարան, որն էլ 2019թ-ի դեկտեմբերի 7-ին քննել և եկել է եզրակացության, որ անդամ պետությունների պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ կիրառվող սահմանափակումները թույլ չեն տալիս ԵԱՏՄ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկա ունենալ։ Այնպես որ, այն որ ԵԱՏՄ սպորտային ղեկավար կառույցները վերացնում են լեգիոներների սահմանափակումը անդամ երկրների մարզիկների նկատմամբ, կատարում են դատարանի որոշումը։
Հավաքականը համալրելու նոր շանսեր
2015 թվականին Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեն հաստատել էր Ռուսաստանի առաջնությանը մասնակից թիմերում լեգիոներների նոր սահմանափակումը, համաձայն որի՝ խաղադաշտում միաժամանակ կարող են գտնվել 6 լեգիոներից ոչ ավելի: Իսկ Ռուսաստանում լեգիոների կարգավիճակ ունեն բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր իրավունք չունեն հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Հետևաբար, Հայաստանի հավաքականում հանդես գալու խնդրի առաջ էին կանգնում հայ ֆուտբոլիստները, որոնք հանդես էին գալիս ՌԴ-ում:
«Եթե ճիշտ հետևություններ անենք ու ճիշտ աշխատանք տանենք շատ մեծ օգուտ կտա: Եթե մտածենք արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին բերենք տարբեր տարիքային հավաքականներ, դա շատ մեծ օգուտ կլինի»,- կարծում է առաջին խմբում հանդես եկող, նորաստեղծ «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ևս շեշտում է հավաքականի համար ստեղծվող հնարավորությունները․ «Ինչ վերաբերվում է հայ ֆուտբոլիստների՝ Ռուսաստանում լեգիոներ չհամարվելուն, կարող եմ ասել, որ լավ է, որ ֆուտբոլիստները կարող են հավաքականում հանդես գալ, առանց երկմտության, ինչը միշտ եղել է: Այն ժամանակ մտածել են, կարող է Ռուսաստանում հանդես գան, իսկ հավաքականում խնդիրներ ունենան, հիմա այդ խնդիրը չի լինի»։
Մեդալի հակառակ կողմը
Մեծ հաշվով, լեգիոներների սահմանափակման վերացման հարցը հայկական ֆուտբոլի համար կարևոր է եղել հենց Ռուսաստանում հանդես եկող տաղանդավոր հայ ֆուտբոլիստներին մեր հավաքական հրավիրելու տեսանկյունից։ Իսկ մեր տեղացի ֆուտբոլիստների համար սահմանափակման վերացումը, ճիշտ է, շատ հարցեր հեշտացնում է, բայց հրավերի առկայության դեպքում՝ այն երբեք էլ խնդիր չէր լինի Ռուսաստանում հանդես գալու համար։
Այժմ նոր փոփոխությունների մեդալն ունի 2 կողմ։ Մեր ֆուտբոլիստների լեգիոներ չհամարվելու ֆոնին առաջ է գալիս հայկական ֆուտբոլի համար ամենացավոտ հարցերից մեկը՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ֆուտբոլիստներն էլ մեզ մոտ չեն համարվի լեգիոներ։ Եվ այստեղ հայկական ֆուտբոլում ԵԱՏՄ երկրներից ամենամեծ հոսքն անշուշտ ենթադրվում է Ռուսաստանից։

«Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի կարծիքով այստեղ կանգնելու ենք խնդրի առաջ, քանի որ մեր՝ լեգիոներների լիմիտի մասին խոսելն ու գաղափարը դառնում է անիմաստ․ «Շատ լավ է, որ Ռուսաստանում լեգիոներ չենք համարվում, քանի որ տեղացիները հնարավորություն կունենան խաղալ ավելի բարձր մակարդակում, բայց շատ լուրջ խնդիր է, որ, այսպես ասած, «պատահական» ռուս ֆուտբոլիստները գալու են ներգրավվեն Հայաստանի առաջնություն, ինչպես որ կարելի է ասել նաև հիմա է: Դրա դեմ պետք է պայքարենք, սահամանփակումներ դնենք: Այդ սահմանափակումները հիմա չեմ պատկերացնում, բայց մոտավորապես կարելի է անել Անգլիայի օրինակը: Եթե լեգիոներ է գալիս, պետք է հավաքականի անդամ լինի, կամ խաղեր անցկացրած լինի հավաքականում»:
«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեր ֆուտբոլում լեգիոներների թեմային անդրադառնալով նկատում է․
«Իհարկե այստեղ կա նաև հակառակ գործընթացը: Հայաստանում կան չեմպիոնության համար պայքարող թիմեր, օրինակ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», որոնք շատ լեգիոներներ ունեն թիմում: Հիմա «Արարատ-Արմենիայում» շատ քիչ են հայերը։ «Նոային» կարելի է հասկանալ: Ակումբը շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում և մեկ տարում ցանկանում է մեծ աճ գրանցել և նրանց պարագայում հարկադրված մոտեցում է՝ ունենալ այդքան լեգիոներներ։ Իմ կարծիքով, Հայաստանի համար սա արհեստական քայլ է առաջնության որակը բարձրացնելու համար։ Հայ ֆուտբոլիստների աճի առումով դա բարդ կլինի։ Մենք կտեսնենք շատ հայ խաղացողներ ԲԽ-ի միջին ակումբներում, բայց ոչ թե այն թիմերում, որոնք պայքարում են չեմպիոնության համար։ Այդ թիմերում հավանաբար կլինեն մեկ-երկու հայ ֆուտբոլիստներ, բայց նրանք արդեն ուրիշ որակներ կունենան, որովհետև մարզվելով ավելի բարձր որակի խաղացողների հետ՝ առաջխաղացում կապրեն։ Իմ կարծիքով, վերջին երկու տարում շատ մեծ առաջընթաց կա հայկական ֆուտբոլում։ Հայկական մի քանի թիմեր կարող են այնպիսի որակ ցույց տալ, ինչպես ՖՆԼ-ի առաջատար թիմերը»։
Տևական ժամանակ է՝ հայկական ֆուտբոլում խոսվում է լեգիոներների սահմանափակման մասին, մի շարք մարզիչներ կտրուկ կողմ են արտահայտվում հնարավոր սահմանափակմանը, ոմանք չեն պատկերացնում Բարձրագույն խմբի առաջնությունում արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում:
Կարեն Բարսեղյանի խոսքով իր թիմում նույնպես քիչ չեն արտասահամանցիները, հնարավոր է, որ այս պահին հայ ֆուտբոլիստներով հնարավոր չլինի ապահովել այն արդյունքն, ինչ ունեն, սակայն ինքը պատրաստ է լեգիոներների սահմանափականը:
«Տեղացի ֆուտբոլիստներով այս որակը այս պահին չէինք կարող ապահովել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք մեր ֆուտբոլիստներին: Առաջին խմբում այսօր «Սևանը» տեղացի ֆուտբոլիստներով բոլոր թիմերի դեմ մարտնչում է: Ուրիշ հարց է, որ մենք ունենք տեսլական, որ փորձում ենք լուծել ու այդ պատճառով ներգրավված են նաև լեգիոներներ: Վերջերս կայացած «Արարատ»- «Նոա» խաղում հիմնական կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ: Դա շատ լուրջ խնդիր է: Շատ մտորելու առիթ է տալիս: Ես հասկանում եմ, իհարկե, ղեկավարներին ու մարզիչներին, որ ցանկանում են գումար ծախսել ու լավ հանդես գալ եվրագավաթներում: Եթե ես 3 ամիս առաջ մտածում էի, որ լավ է լիմիտի գաղափարը, հիմա երկու ձեռքով կողմ եմ դրան ու ամեն ինչ կանեմ, որ սահամանափակում լինի արտասահմանցի ֆուտբոլիստների: Մեր թիմում էլ քիչ չեն արտասահմանցիները, բայց եթե սահմանափակումներ էլ լինեն, դա մեզ չի խանգարի: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ պետք է սահմանափակում լինի միայն Առաջին խմբում: Դրա հետ համաձայն չեմ: Եթե կա օրենք, պետք է լինի բոլորի համար: Եթե մենք առաջին խմբում ենք, բայց ուզում ենք պայքարել ԲԽ-ի թիմերի դեմ, մասնակցում ենք Հայաստանի Գավաթի խաղարկությանը, այստեղ բախում է լինում: ԲԽ-ի թիմերը դառնում են արտոնյալ, իսկ մեզ համար խնդիրներ են առաջանում: Եթե կա օրենք՝ պետք է լինի բոլորի համար հավասար»:

Թեմայի վերաբերյալ հակառակ կարծիքն ունի Աբրահամ Խաշմանյանը, ով այս պահին տրամաբանական չի համարում ԲԽ-ում լեգիոներների սահմանափակումը․
«Այսօր լեգիոներների սահմանափակումը ոչ տրամաբանական է, բայց իմ խոսքը գնում է Բարձրագույն խմբի մասին, ոչ թե Առաջին խմբի: Քայլեր է պետք անել Առաջին խմբի համար, հետո անցնել ԲԽ-ին բայց դա այսօրվա խնդիր չէ: Եթե Հայաստանում դրվի լեգիոներների սահմանափակում, հնարավոր է ԲԽ-ում հանդես եկող մնացած հայ ֆուտբոլիստներով լավագույն դեպքում հավաքվի ընդամենը 2 թիմ: Բազմիցս եղել են խոսակցություններ այդ մասին: Ես խոսում եմ այս օրվա մասին:

Հայաստանի ազգային հավաքականի և «Միկայի » նախկին հարձակվող, այժմ «Վեստ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի խոսքով պետք է տարանջատել Առաջին խումբը և ԲԽ-ի ակումբների փոխարինող թիմերի առաջնությունը: Այդ դեպքում կարելի կլինի բացառել կամ սահմանափակել լեգիոներների մասնակցությունը ԲԽ-ի ակումբների 2-րդ թիմերի առաջնությունում:
«Իմ կարծիքով առաջին հերթին պետք է տարանջատենք Բարձրագույն խումբը, Առաջին խումբը, և ունենանք առանձին փոխարինող թիմերի առաջնություն, այսինքն երկրորդ թիմերը առանձին առաջնություն ունենան: Հենց այդ երկրորդ թիմերի առաջնությունում էլ պետք է լինեն բացառապես հայ ֆուտբոլիստներ: Այս պարագայում ԲԽ-ի թիմի ֆուտբոլիստը կարող է խաղալ իր երկրորդ թիմում, և հակառակը: Դա իմ միտքն է, որն ուզում եմ փոխանցել: Առաջարկը առաջարկ է, բայց կան նաև տեխնիկական խնդիրներ: Չգիտեմ կընդունվի թե չէ, բայց դա շատ տրամաբանական լուծում է: Շատ մեծ ցանկություն է, մնում է նայել տեխնիկական հարցերին, խաղադաշտերի քանակին և այլն: Առաջին խմբի թիմերին չես կարող մեղադրել շատ լեգիոներներ ունենալու համար, քանի որ ուզում են թիմն ուժեղացնել, պայքարել Բարձրագույն խումբ դուրս գալու համար»:
Անդրադառնալով ՌԴ-ում հայ ֆուտբոլիստների լեգիոներ չհամարվելուն, Շահգելդյանն ասաց. «Շատ լավ որոշում է: Մյուս կողմից նաև ռուս ֆուտբոլստները մեզ մոտ չեն համարվի լեգիոներ, բայց մենք էլ այնպես պետք է անենք, որ մեր ֆուտբոլիստներին ավելի շատ շանս տանք: Եթե նույնիսկ Հայաստանում լեգիոներ չեն համարվում, բայց մեր ֆուտբոլիստների հետ հավասար մակարդակ ունեն, պետք է շանս տրվի հայ ֆուտբոլիստներին, իսկ լեգիոները պետք է մի քանի գլուխ բարձր լինի, որ գոնե մեր հայ ֆուտբոլիստն իր հետ խաղալուց կարողանա ինչ-որ բան սովորել»:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ