Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը երեկ՝ մայիսի 19-ին, ուսի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել:
Այս մասին ArmSport-ը տեղեկացավ անձամբ մարզիկից:
«Մկանային խնդիր էր: Դեկտեմբերից ցավեր ունեի ու ստիպված էի վիրահատվել: Հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Արթուր Ավետիսյանն, ով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Ավետիսյանի խոսքով, ինքը մոտ 5-6 ամսից կկարողանա վերսկսել մարզումները:

Հիշեցնենք՝ Արթուր Ավետիսյանն ավելի վաղ ճանաչվել էր 2019 թվականի լավագույն երիտասարդ մարզիկ ու նաև ընդգրկվել էր 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում:
2019-ի ամռանն Ավետիսյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել Չինաստանի Ուհան քաղաքում կայացած Համաշխարհային բանակային խաղերում։
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մայիսի 4-ից վերսկսել է մարզումները, թիմի հետ մարզումներին մասնակցել է նաև Արթուր Ավետիսյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ ամռանը թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում։ Հաստատվել է Բաթումիի միջազգային մրցաշարը։ Աշնանը նշանակված են աշխարհի գավաթի խաղարկության մրցումները։ Այդուհանդերձ շատ բան կապված է իրավիճակի կայունացման հետ: