Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Լի Քարսլին նոր պայմանագիր է կնքել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) հետ և կշարունակի աշխատել թիմի հետ։ Այս մասին հայտնել է FA-ի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ավարտը։ Մարզչական կարիերայի ընթացքում Քարսլին մարզել է մի շարք անգլիական ակումբների երիտասարդական թիմեր։ 2018-2020 թվականներին Լին աշխատել է որպես օգնական Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականում, որից հետո որոշ ժամանակ աշխատել է մինչև 20 տարեկանների հավաքականում, ապա վերադարձել է մինչև 21 տարեկանների հավաքական։ 2024 թվականին Քարսլին նաև հասցրել է աշխատել որպես Անգլիայի մեծահասակների հավաքականի ժամանակավոր մարզիչ։
2025 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը կանցկացվի հունիսի 11-28-ը Սլովակիայում։ Անգլիացիները B խմբում կխաղան Չեխիայի, Գերմանիայի և Սլովենիայի դեմ։