Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախկին մրցավար Դևիդ Կուտը, ով հեռացվել էր սկանդալային դեպքերի պատճառով, ներկայում աշխատում է առաքման ծառայությունում, հայտնում է The Sun-ը։
2024 թվականի նոյեմբերին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում Կուտը «Լիվերպուլին» անվանել էր «աղբ», իսկ նախկին մարզիչ Յուրգեն Կլոպին՝ «գոռոզ ապուշ» և «ստախոս»։ Ավելի ուշ հայտնվել էին կադրեր, որտեղ նա Եվրոպայի 2024 թվականի առաջնության ժամանակ ներշնչում է սպիտակ փոշի։ 2024 թվականի դեկտեմբերին Անգլիայի պրոֆեսիոնալ մրցավարների ասոցիացիան (PGMOL) պաշտոնապես հեռացրել էր նրան։
2025 թվականի փետրվարին ՈւԵՖԱ-ն Կուտին որակազրկել էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ «ֆուտբոլի և ՈւԵՖԱ-ի հեղինակությանը վնաս հասցնելու և բարոյական վարքագծի խախտման» մեղադրանքով։
«Ես ցանկանում եմ շարունակել ապրել։ Փորձում եմ առաջ շարժվել, վերականգնել պատասխանատվության զգացումը և նպատակ ունենալ։ Այս աշխատանքն օգնում է շեղվել և զբաղված մնալ։ Դա երկարաժամկետ կարիերա չէ», — ասել է Կուտը։