«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը Sports-ին տված հարցազրույցում խոսել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին՝ նշելով, որ այն բացառված չէ։
«Ամեն ինչ կախված է առաջարկից։ Չեմ բացառում, օրինակ, Սպերցյանի հեռանալը մրցաշրջանի ընթացքում, օգոստոսին, մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Առջևում Աշխարհի ակումբային առաջնությունն է, և մենք պետք է պատրաստ լինենք, որ Սպերցյանով հետաքրքրված ակումբները շտապելու են», — ասել է Մուսաևը։
24-ամյա հարձակողական կիսապաշտպանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ 2024/25 մրցաշրջանում նա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 28 խաղում խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ FONBET Ռուսաստանի Գավաթում անցկացրել է 6 հանդիպում՝ առանց գոլային գործողությունների։
Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսի վերջ։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։