Հայաստանի հավաքականի և «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է լեհական ակումբի հետ առաջին տիտղոսը նվաճելու, ինչպես նաև ունեցած վնասվածքի մասին, որի պատճառով ֆուտբոլիստը չկարողացավ միանալ ազգային թիմին: Հունիսին մեր ընտրանին երկու ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի հավաքականների հետ:
«Մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրի «Պոգոնում», երկրորդը՝ «Լեգիայում»: Առաջին հատվածը լավ ստացվեց, «Լեգիա» տեղափոխության սկզբում ևս ամեն ինչ լավ էր, բայց վնասվածքս խորացավ ու խանգարեց ինձ: Ճիշտ է՝ գավաթակիր դարձա, բայց վերջնամասում շատ խաղաժամանակ չէի ստանում: Մյուս մրցաշրջանի ամենակարևորն նպատակս ավելի շատ խաղալն է, բայց դրա համար պետք է լիարժեք ապաքինված լինեմ ու պատրաստ: Վստահ եմ՝ հաջորդ մրցաշրջանն ավելի լավը կլինի»,- ասել է Վահան Բիչախչյանը:
Ֆուտբոլիստի խոսքով՝ արդեն երեք շաբաթ է, ինչ սկսել է բուժումները, բայց ևս երեք շաբաթ անհրաժեշտ կլինի վերականգնման համար, ինչից հետո ակումբի հետ կսկսի նախապատրաստությունը:
«Լեգիայից» տպավորություններս շատ դրական են: Այն լեհական ֆուտբոլի պատմական թիմն է և պայքարում է ամենաբարձր նպատակների համար: Կարծում եմ՝ պահը հասունացել էր քայլ առաջ կատարելու համար: Այս տարի մասնակցելու ենք Եվրոպա լիգային: Նոր գլխավոր մարզիչ պետք է ունենանք: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Թիմի համար շատ կարևոր մրցաշրջան է, քանի որ վերջին մի քանի տարվա մեջ չի հաջողվել չեմպիոն դառնալ, և երկրպագուների կողմից էլ դժգոհությունները շատ են: Պետք է լավ պատրաստվենք, որպեսզի կարողանանք գոհացնել նրանց»,- ասում է ֆուտբոլիստը:
Անդրադառնալով «Չելսիի» հետ եվրագավաթային դիմակայությանը՝ Բիչախչյանը նշել է՝ լեգենդար «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում խաղալն իր համար մեծ փորձառություն էր. «Շատ լավ հանդիպումներ էին ու շատ մեծ փորձ: Առաջին խաղում հարձակվողի խնդիր ունեինք, չգրանցվեց այն հաշիվը, որը կցանկանայինք: Երկրորդ խաղում զգացինք, որ կարող ենք խաղալ «Չելսիի» դեմ, լավ հանդիպում անցկացրինք, գոլեր խփեցինք և ավելի վստահ էինք: Հուսով եմ՝ այս տարի էլ հնարավորինս առաջ կգնանք Եվրոպա լիգայում»: