«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է առաջին անգամ Ռուսաստանի չեմպիոնությունը նվաճելու, եվրոպական ակումբ հնարավոր տեղափոխության և այլնի մասին:
«Չեմպիոնությունը մեր երազանքն էր, մենք շատ երկար էինք գնում դեպի չեմպիոնություն: Փառք Աստծո՝ կարողացանք նվաճել այն: Ինչի՞ հաշվին կարողացանք հենց այս մրցաշրջանում դա անել. կարծում եմ՝ հավատի, բնավորության և նրա շնորհիվ, որ յուրաքանչյուր քաղաքում մեզ աջակցում էին և մենք մեծ թվով երկրպագուներ ունենք»,-ասել է Սպերցյանը:
Խոսելով չեմպիոնական զգացողությունների մասին՝ «Կրասնոդարի» ավագը, մասնավորապես, ասել է. «Հիմա դժվար է նկարագրելը, բայց երջանկության զգացում ունեի, քանի որ երազանքս կատարվել էր»:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խոսել է նաև ազգային թիմի առաջիկա հանդիպումների և նոր գլխավոր մարզչի հետ աշխատանքի մասին:
«Նոր մարզչի հետ իմ առաջին հավաքն է, դեռևս ամեն ինչ հիանալի է: Երկու ընկերական խաղ ենք անցկացնելու, բայց դրանք չի կարելի ընկերական անվանել: Շատ կարևոր է, որ լավ խաղ ցուցադրենք և հաղթենք: Դրանք ենք պատրաստվում»,- ասել է Սպերցյանը:
Անդրադառնալով հնարավորության տեղափոխության մասին հարցին՝ Սպերցյանն ասել է. «Տեսնենք, թե ինչ կլինի: Ժամանակ կա: Բոլորը գիտեն, որ ես ցանկանում եմ հեռանալ: Դեռևս առաջարկ չունեմ: «Լի՞դսը». դա ձմռանն էր: «Պորտո՞ւն». ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին: Կտեղափոխվեմ այնտեղ, ուր ինձ ամենից շատ կցանկանան և որտեղ, որ կխաղամ»: