«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նրա Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։
«Լամինը Լամին է։ Լեոն Լեո է։ Լեոն այս ակումբի պատմության լավագույն խաղացողն է, ինձ համար՝ ֆուտբոլի պատմության լավագույնը։
Բոլորը խելագարվում են, երբ տեսնում են Լամինին ֆուտբոլ խաղալիս, հավատացեք՝ դուք կվճարեիք նրան մարզադաշտում տեսնելու համար։ Յամալը յուրահատուկ է, և նա ուզում էր մնալ, քանի որ հավատում է նախագծին։ Նա արժանի է ավելի բարձր աշխատավարձի։
Նա կդառնա աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Մենք պետք է հարգենք նրան որպես խաղացող, բայց պետք է հիշենք, որ նա 17 տարեկան է։ Համեմատելը հեշտ չէ, բայց Լամինը, որակի առումով, կարող է պատմության մեջ մտնել ինչպես Լեոն։ Բայց, իհարկե, պատմություն կերտելու համար նրան լավ թիմ է պետք։
Մենք փորձում ենք պաշտպանել նրան և թույլ չտալ, որ նա խճճվի ճանապարհին, քանի որ երբեմն հովանավորներն ու բոլորը ցանկանում են նրա մարզաշապիկը կամ նրա ժամանակը։ Երբեմն մենք չենք կարող ամեն ինչ վերահսկել, բայց մարդիկ տեսնում են նրա կախարդանքը խաղադաշտում և դրանից դուրս։ Նրանք ուզում են «դիպչել» Յամալին, և մենք պետք է օգնենք նրան հաղթահարել դա»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Մայիսի 27-ին հայտարարվեց, որ ակումբի նոր պայմանագիրը Յամալի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։