«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է Թիերի Անրիի հետ խաղալու փորձառությամբ՝ վերհիշելով, թե ինչպես է արձագանքել նրան առաջին անգամ «Բարսելոնայի» հանդերձարանում տեսնելիս։
«Առաջին օրը, երբ նա մտավ հանդերձարան, ես անգամ չէի համարձակվում նրա դեմքին նայել։ Ես արդեն գիտեի, թե ինչ էր նա անում Անգլիայում։ Նրա պաստառն ունեի իմ սենյակում, և հանկարծ մենք հայտնվեցինք նույն թիմում։
Տիտիի հանդեպ իմ զգացմունքները կարելի է լավագույնս նկարագրել «հիացմունք» բառով։ Ինձ դուր էր գալիս այն հեշտությունը, որով Անրին իրացնում էր իր հնարավորությունները՝ այն ձևը, թե ինչպես էր մոտենում դարպասին ու ավարտում հարձակումը։ Դա, կարծես, նրա համար բնական էր։ Նրա շարժումները, դրիբլինգը, հարվածները՝ ամեն ինչ այնքան սահուն ու լուրջ դաս էր ինձ համար», – Մեսսիի խոսքերն է փոխանցում Give Me Sport-ը։
Հիշեցնենք, որ Թիերի Անրին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2007–2010 թվականներին։