«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դժգոհ է իր հնարավոր վաճառքի մասին լուրերից: Գերմանացի դարպասապահը մտադիր չէ լքել կատալոնական ակումբը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի տվյալներով՝ 33-ամյա ֆուտբոլիստը ներկայում կենտրոնացած է 2024 թվականի սեպտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո իր լավագույն մարզավիճակը վերականգնելու վրա: Տեր Շտեգենը ցանկանում է վերականգնել իր տեղը կապտանռնագույնների մեկնարկային կազմում:
Շեշտվում է, որ «Բարսելոնայի» համար խնդրահարույց կլինի 33-ամյա դարպասապահի վաճառքը՝ նրա բարձր աշխատավարձի, ինչպես նաև պայմանագրի տևողության պատճառով, որն ավարտվում է միայն 2028 թվականի ամռանը: Կատալոնական ակումբը հակված է կարծելու, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կունենա երկու դարպասապահ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենը և Վոյցեխ Շչեսնին: Միևնույն ժամանակ, իսպանական գրանդի ղեկավարությունը սպասում է «Էսպանյոլի» դարպասապահ Խոան Գարսիայի պատասխանին: