«Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Խալդուն Ալ Մուբարաքը հայտարարել է, որ ակումբը վճռական քայլեր է ձեռնարկում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հաջորդ մրցաշրջանում վերադարձի համար: Այս մասին տեղեկացնում է The Times-ը։
Անցած մրցաշրջանը անհաջող էր «Մանչեսթեր Սիթիի» համար. թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երրորդ տեղը՝ 13 միավորով զիջելով չեմպիոն «Լիվերպուլին» և պարտվել Անգլիայի գավաթի եզրափակիչում: Այդուհանդերձ, ակումբն արդեն սկսել է կազմի թարմացման աշխատանքները: Ալ Մուբարաքը նշել է, որ նպատակը մինչև հունիսի 12-ը՝ Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը, ավարտել բոլոր տրանսֆերային գործարքները:
Ներկայում ընթանում են բանակցություններ «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի տեղափոխության շուրջ: Բացի այդ, «Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Նոթինգհեմ Ֆորեստի» Մորգան Գիբս-Ուայթի, «Լիոնի» Ռայան Չերկիի և «Վուլվսի» պաշտպան Ռայան Այթ-Նուրիի նկատմամբ: Հնարավոր է նաև դարպասապահի ձեռքբերում, հատկապես եթե Էդերսոնը կամ Շտեֆան Օրտեգան լքեն ակումբը: Այդ դեպքում ուշադրության կենտրոնում է «Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոստան:
Ալ Մուբարաքը ընդգծել է, որ թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստությունն սկսել է դեռ հունվարից, երբ կազմին միացել են Օմար Մարմուշը, Վիտոր Ռեյսը, Նիկո Գոնսալեսը և Աբդուկադիր Խուսանովը:
«Մենք կվերադառնանք: Անցած մրցաշրջանը թողնում ենք հետևում: Ֆուտբոլիստները պատրաստ են. Էրլինգ Հալանդը հրաժարվել է արձակուրդից, Ռոդրին պատրաստ է խաղալ: Այս թիմը կրկին բարձր նշաձող կսահմանի», — ասել է ակումբի նախագահը: