26-ամյա հայ կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը դժգոհ է Մոսկվայի «Լոկոմոտիվում» իր խաղաժամանակից և հայտարարել է, որ մտադիր է լքել ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո: Նա մասնակցել է բոլոր մրցաշարերի 33 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Անցած շաբաթ Թիկնիզյանը հրապարակայնորեն արտահայտել է իր դժգոհությունը թիմում իր կարգավիճակից՝ նշելով, որ ցանկանում է հեռանալ: Արդյունքում նա չի մասնակցել «Ակրոնի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղին:
Այսօր՝ մայիսի 29-ին, հաղորդավար, մեկնաբան և լրագրող Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թիկնիզյանի ապագային։
«Լավ լուր: Մոսկովյան «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը շուտով հանդես կգա եվրոպական առաջատար ակումբներից մեկում: Թե կոնկրետ որում՝ չեմ բացահայտի: 🙂 Կիմանաք՝ դիտելով «Աշխարհի հայերը» հաղորդաշարի գալիք թողարկումներից մեկը»,- գրել է Երկանյանը։