«Բարսելոնան» համաձայնության է եկել «Էսպանյոլի» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են հինգ տարվա պայմանագրի շուրջ, որը կներառի նաև հավելյալ բոնուսներ՝ կապված Իսպանիայի հավաքականում դարպասապահի հնարավոր ելույթների հետ։
Պայմանագիրը ներկայումս սպասում է խաղացողի վերջնական հաստատմանը։ Գարսիան ստացել է մի շարք առաջարկներ եվրոպական ակումբներից՝ ներառյալ «Արսենալը», «Նյուքասլը», «Ասթոն Վիլան», «Նապոլին», «Ինտերը» և «Բայերը»։ Վերջնական որոշումը նա կընդունի գործակալների հետ նախատեսված հանդիպումից հետո, որը կայանալու է հաջորդ շաբաթավերջին։
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» պատրաստակամություն է հայտնել «Էսպանյոլին» վճարել մոտ 25 միլիոն եվրո՝ Ժոան Գարսիային ձեռք բերելու համար։
24-ամյա դարպասապահը 2024/25 մրցաշրջանում մասնակցել է 38 հանդիպման, որոնցից 8 խաղում նրան հաջողվել է դարպասը պահպանել անառիկ։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա առաջատար է հետ մղած հարվածների քանակով։