Հայ գործակալ Նշան Դեպելյանը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հնարավոր հեռացումը։ Ավելի վաղ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել խաղաժամանակի պակասից և հայտարարել, որ պատրաստվում է ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում խնդրել ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն։
«Նաիր Թիկնիզյանը էմոցիոնալ տղա է։ Միգուցե մեկ այլ խաղացող ոչինչ չէր ասի, բայց նա բաց է խոսում։ Դա չի նշանակում, որ Նաիրը կամուրջներ է այրում «Լոկոմոտիվի» հետ։ Կարծում եմ՝ հնարավոր է, որ նա տեղափոխվի մեկ այլ ակումբ։ Դա սովորական գործընթաց է, և ես դրանում ոչ մի արտառոց բան չեմ տեսնում։ Բոլորը խոսում են Եվրոպայի մասին, բայց եթե այդ տարբերակը չստացվի, ներքին շուկայում ևս հետաքրքրություն կա նրա նկատմամբ։ Նա ունի գործակալ, ով ավելի լավ է տիրապետում այս հարցերին։
Նաիր Թիկնիզյանի և Էդուարդ Սպերցյանի նկատմամբ պահանջարկ կա, թերևս տարբեր մակարդակներում, բայց կա։ Կարծում եմ՝ Նաիրը կհեռանա «Լոկոմոտիվից», բայց գուցե Գալակտիոնովի հետ սուրճ խմեն, խոսեն, և ամեն ինչ փոխվի։ Հիմա նա կմեկնի Հայաստանի հավաքական, մի փոքր կշեղվի։ Ժամանակը բուժում է։ Նրա հրավերը հավաքական շատ տեղին է», – ասել է Դեպելյանը «Чемпионат»-ի թղթակից Մարիա Կուցուբեևայի հետ զրույցում։