Fastex Պրեմիեր լիգայի վերջին՝ 33-րդ տուրում «Արարատ-Արմենիան» փայլուն արդյունքով եզրափակեց մրցաշրջանը՝ սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնելով «Արարատի» նկատմամբ՝ 6:0 հաշվով:
Հանդիպման գլխավոր հերոսը Մարիուս Նուբիսին էր, ով հաշվին գրանցեց հեթ-տրիկ՝ գոլեր խփելով 29-րդ, 61-րդ և 82-րդ րոպեներին: Կամերունցի հարձակվողն առաջնությունում խփեց 18 գոլ՝ ռմբարկուների ցուցակում զիջելով միայն «Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիուին, ով մրցաշրջանն ավարտեց 20 գոլով: «Արարատ-Արմենիայի» կազմում գոլեր խփեցին նաև Հովհաննես Հարությունյանը (43′), Տենտոն Յենեն (74′) և Արմեն Համբարձումյանը (76′):Այս հաղթանակի շնորհիվ Վարդան Մինասյանի սաները մրցաշրջանն ավարտեցին 66 միավորով՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը և նվաճելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր: Ի հակադրություն՝ «Արարատը» առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում՝ վաստակելով 32 միավոր:
Մեկ այլ ուշագրավ հանդիպում տեղի ունեցավ Երևանի «Ուրարտու» մարզադաշտում, որտեղ «Վանը» 2:0 հաշվով առավելության հասավ տանտերերի նկատմամբ: Հաղթական գոլերը խփեցին Իզուչուկվու Օկոնկվոն (4′) և Կաջալի Դրամեհը (55′):
Այս արդյունքով «Վանը» մրցաշրջանը եզրափակեց 5-րդ հորիզոնականում՝ հավաքելով 52 միավոր: «Ուրարտուն», վաստակելով 62 միավոր, դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր և ամռանը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին:
«Արարատ-Արմենիա»-«Արարատ» հանդիպման տեսագրությունը
«Ուրարտու»-«Վան» հանդիպման տեսագրությունը
Մրցաշարային աղյուսակը