26-ամյա հայ կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը դժգոհ է Մոսկվայի «Լոկոմոտիվում» իր խաղաժամանակից և հայտարարել է, որ մտադիր է լքել ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո: Նա մասնակցել է բոլոր մրցաշարերի 33 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Անցած շաբաթ Թիկնիզյանը հրապարակայնորեն արտահայտել է իր դժգոհությունը թիմում իր կարգավիճակից՝ նշելով, որ ցանկանում է հեռանալ: Արդյունքում նա չի մասնակցել «Ակրոնի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղին:
«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը և սպորտային տնօրեն Դմիտրի Ուլյանովը մեկնաբանել են Թիկնիզյանի հայտարարությունը՝ ընդգծելով, որ նրա խոսքերը կտրուկ էին, սակայն պայմանավորված էին ինքնագնահատականով: Նրանց խոսքով՝ խաղացողը պարզապես արտահայտել է իր դիրքորոշումը, և դա լուրջ հետևանքներ չի ունենա:
Գալակտիոնովը նշել է, որ Թիկնիզյանը ՌՊԼ-ում մասնակցել է 23 խաղի, և նրա խաղաժամանակը համեմատելի է նախորդ մրցաշրջանի հետ: «Եթե նա հաղթում է մրցակցության մեջ, խաղում է: Երբ ուրիշներն են ավելի լավ արդյունք ցույց տալիս, խաղում են նրանք»,- ասել է մարզիչը:
Թիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ: