Խաբի Ալոնսոն, որպես «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ, իր առաջին հարցազրույցում ընդգծել է ակումբի արժեքները և իր նպատակները: «Real Madrid TV»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երջանիկ է վերադառնալ ակումբ և այս հնարավորությունը համարում է երազանքի իրականացում:
««Ռեալ Մադրիդը» լավագույնն է՝ շնորհիվ իր պատմության, ներկայի և հավակնությունների: Այստեղ լինելը նշանակում է ձգտել գերազանցության: Ես հպարտ եմ, որ ստացել եմ այս հնարավորությունը: Ցանկանում եմ, որ երկրպագուները աջակցեն թիմին և վայելեն այն ֆուտբոլը, որը մենք կցուցադրենք»,- ասել է Ալոնսոն:
Նա բարձր է գնահատել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի դերը՝ ընդգծելով, որ նրա առաջնորդությամբ ակումբը շարունակում է զարգանալ: Ալոնսոն նաև անդրադարձել է իր մարզչական փորձին՝ «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմում և Լևերկուզենի «Բայերում», նշելով, որ այդ փորձն օգնել է իրեն հասունանալ որպես մարզիչ:
«Հիմա ժամանակն է սկսելու նոր փուլ: Թիմը հիանալի է, և մենք ցանկանում ենք միասին կառուցել մի բան, որով բոլորը կհպարտանան: Հուսով եմ՝ կկարողանանք վերապրել այն հաճույքը, որն ունեցել ենք նախկինում: Հալա Մադրիդ»,- եզրափակել է Ալոնսոն: