«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում նշել է, որ թիմը պետք է հանգիստ մոտենա Ռուսաստանի առաջնության մնացած խաղերին՝ ցանկալի արդյունք ապահովելու համար։
ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։
Սպերցյանը խոստովանել է, որ դժվար է անմիջապես գնահատական տալ. «Չեմ ուզում էմոցիաներով ավելորդ բան ասել։ Պետք է վերլուծել խաղը։ Ընդհանուր առմամբ, լավ խաղացինք։ ԲԿՄԱ-ն ուժեղ թիմ է՝ յուրահատուկ խաղաոճով, որի դեմ պաշտպանվելը բարդ է։ Մենք խաղացինք միջին բլոկով և լավ դիմադրեցինք։ Երկրորդ խաղակեսի մասին դժվար է ասել, պետք է կրկին դիտել։ Առաջին խաղակեսում գոլ խփելու լավ հնարավորություններ ունեինք։ Սակայն սա ֆուտբոլ է։ Պետք չէ նեղվել։ Կվերլուծենք խաղը, մնացել է երկու հանդիպում, և պետք է երկու հաղթանակ տանել»։
Անդրադառնալով գլխավոր մարզչի բացակայությանը՝ Սպերցյանը նշել է. «Իհարկե, դա կարևոր է։ Նա գլխավոր մարզիչ է, և նրա բացակայությունը զգացվում էր»։
Նա հավելել է, որ պարտությունից հետո հանդերձարանում հանգիստ էր. «Մի փոքր խոսեցինք, հիմա բոլորը հանգստանում են»։
«Կրասնոդարը» 61 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»։ ԲԿՄԱ-ն 55 միավորով երրորդն է։
Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում ԲԿՄԱ-ն մայիսի 19-ին հյուրընկալվելու է Մոսկվայի «Լոկոմոտիվին», իսկ «Կրասնոդարը» մայիսի 17-ին արտագնա խաղում կմրցի «Օրենբուրգի» հետ։