«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար կազմի երկու անդամ կլքեն ակումբը՝ այս շաբաթ մեկնարկող կրճատումների հերթական փուլի շրջանակում։
The Athletic-ի տեղեկություններով՝ «կարմիր սատանաները» տեղեկացրել են վերլուծության և նորարարությունների տնօրեն Ռիչարդ Հոքինսին և ֆուտբոլային գործառնությունների տնօրեն Դեյվիդ Հարիսոնին, որ նրանք կազատվեն աշխատանքից։ Կողմերն այժմ քննարկում են հեռացման պայմանները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը նախատեսում է աշխատանքից ազատել շուրջ 200 աշխատակցի, այդ թվում՝ սկաուտների բաժնի տնօրեն Սթիվ Բրաունին։
Դեյվիդ Հարիսոնը «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է 2023 թվականին։ Նա պատասխանատու էր ակումբի «Քարինգթոն» մարզաբազայի բոլոր գործառույթների համար, ներառյալ ենթակառուցվածքները, սնունդը, անվտանգությունը, ինչպես նաև հիմնական կազմի ուղևորությունների, բնակության և ֆուտբոլիստների գրանցման վարչական հարցերը։ Հարիսոնն ակտիվորեն մասնակցել է «Քարինգթոնի» վերակառուցմանը։
Ռիչարդ Հոքինսը «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է 2023 թվականի մարտին՝ նախկին սպորտային տնօրեն Ջոն Մյորթոյի հրավերով։ Նա զբաղվում էր մարզական գիտության ոլորտում նորարարական մեթոդների և տեխնոլոգիաների ներդրմամբ՝ ընդգրկելով տղամարդկանց և կանանց թիմերը, ինչպես նաև ակադեմիան՝ նպատակ ունենալով ստեղծել համապարփակ և միասնական մոտեցում ֆուտբոլիստների պատրաստվածության համար։