«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հասկացրել է, որ ամառային տրանսֆերային պատուհանում ակնկալում է թիմի հիմնական կազմի ուժեղացումը։
Շաբաթ օրը նեապոլիտանացիները արտագնա հանդիպմանը հաղթեցին «Մոնցային» (1-0) և միավորներով հավասարվեցին աղյուսակը գլխավորող և մեկ հանդիպում պակաս անցկացրած «Ինտերին»:
Հանդիպումից հետո Կոնտեն խոսել է իր ակումբի ռեսուրսների մասին.
«Ես լավ եմ զգում Նեապոլում, ես և իմ ընտանիքը երջանիկ ենք այստեղ, բայց ակումբը հավակնություններ ունի, և մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ: Բոլոր նրանք, ովքեր վարձում են ինձ, ասում են․
«Կոնտեն ի վիճակի է թիմի հետ զբաղեցնել առաջին կամ երկրորդ տեղը, նույնիսկ եթե նախորդ մրցաշրջանում նրանք տասներորդն էին»:
Մենք պայքարում ենք Սկուդետոյի համար, պարզապես Չեմպիոնների լիգա մտնելն այլևս բավարար չէ, սպասումներն աճում են, ուստի պետք է նաև հնարավորությունները մեծանան։ Ես կարող եմ երաշխավորել որոշակի բաներ, բայց ես հիմար չեմ. դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ»,- ասել է մարզիչը հանդիպումից հետո։