Ժոզե Մոուրինյուն, ով մարզչական կարիերայում նվաճել է Չեմպիոնների լիգան «Պորտուի» և «Ինտերի» հետ, BBC-ի «Ինչպե՞ս հաղթել Չեմպիոնների լիգան» վավերագրական սերիալում կիսվել է իր փորձով: Պորտուգալացի մասնագետը առանձնացրել է Սամուել Էտո’Օ-ին՝ նրան համարելով իր կարիերայի լավագույն խաղացողներից մեկը:
«Ես աշխատել եմ հարյուրավոր խաղացողների հետ՝ յուրաքանչյուրին դիտարկելով որպես անհատ: Սամուելը բացառիկ ուժեղ էր: Նա «Ինտերի» կազմում վճռորոշ գոլ խփեց «Չելսիի» դեմ քառորդ եզրափակչում՝ «Սթեմֆորդ Բրիջում»»,- ասել է Մոուրինյուն:
Նա նշել է, որ Էտո’Օ-ի հետ աշխատանքը հեշտ չէր: «Ամեն օր պայքարում էի նրա հետ: Մի անգամ ասացի՝ չես խաղալու, քանի որ լավագույն մարզավիճակում չես: Նա խնդրում էր խաղալ, բայց ես մերժեցի՝ ասելով, որ չեմ վստահում: Դա էմոցիոնալ աշխատանք էր: Գիտեի, որ նա կարձագանքի, քանի որ ուժեղ բնավորություն ունի»:
Մոուրինյուն ընդգծել է, որ նման մոտեցումը չէր աշխատի այլ տիպի խաղացողի դեպքում, սակայն Էտո’Օ-ի հետ այն արդյունավետ էր: