«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում իր թիմի դուրս մնալուց հետո նշել է մրցաշարը հաղթելու իր կարծիքով գլխավոր ֆավորիտին։
«Այժմ նրանք գլխավոր ֆավորիտ են։ Նրանք հասել են կիսաեզրափակիչ և հանդես են գալիս այնպիսի մակարդակով, որ ակնհայտորեն հավակնում են հաղթելու Չեմպիոնների լիգան։ Իհարկե, կան նաև «Բարսելոնան», «Ինտերը», «Բավարիան»։ Այս մակարդակում խաղալն իսկապես զարմանալի է, և ինձ դա դուր է գալիս։ ՊՍԺ-ն մեր նկատմամբ առավելություն ուներ, և նրանք դա ցույց տվեցին երկու խաղերում, թեև մենք շատ մոտ էինք փարիզցիներին»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
Հիշեցնենք, որ դիմակայության երկու խաղերի արդյունքում փարիզյան ակումբը «Ասթոն Վիլայի» նկատմամբ առավելության հասավ ընդհանուր 5։4 հաշվով։