«Միլանի» դարպասապահ Միկ Մենյանը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նրան տեղափոխել են Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (4:0) թիմակից Ալեքս Խիմենեսի հետ բախումից հետո: Բախման հետևանքով ֆրանսիացի ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը և պատգարակով լքել խաղադաշտը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
«Միկն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից և իրեն լավ է զգում: Նա այժմ պետք է լիովին հանգստանա մինչև երեքշաբթի, երբ կկայանա հետազոտությունների նոր փուլը»,- հրատարակությանը հայտնել է իտալական ակումբի ներկայացուցիչը։
Այս մրցաշրջանում Մենյանը «Միլանի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 52 գոլ և 12 խաղում անառիկ պահելով դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալների համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: