Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն լրջորեն մտածում է Մադրիդ վերադառնալու և «Ռեալի» մարզչի պաշտոնը ստանձնելու մասին։
Սակայն, ինչպես գրում է Defensacentral-ը, «Ռեալի» նախկին կիսապաշտպանը մտադիր չէ հավերժ սպասել. նա հստակ ժամկետ է նախանշել, որի ընթացքում ակումբը պետք է որոշում կայացնի։
Ալոնսոն Ֆլորենտինո Պերեսին վերջնագիր է ներկայացրել. Մադրիդի «Ռեալը» պարտավոր է ավարտել պայմանագրի բոլոր բանակցությունները առաջիկա 30 օրվա ընթացքում։ Իսպանացին ցանկանում է որքան հնարավոր է շուտ գործի անցնել ու թիմ կազմել՝ իր ընտրած ֆուտբոլիստների շուրջ։ Տրանսֆերային գլխավոր նպատակը՝ Ֆլորիան Վիրցն է «Բայերից»։
Հետաքրքիր է, որ և՛ Ալոնսոյի, և՛ Կարլո Անչելոտիի գործող պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են հաջորդ տարվա ամռանը: Չնայած դրան, իսպանացի մասնագետն արդեն պատրաստ է անցումային փուլին և հասկացրել է, որ մտադիր չէ լինել ցուցակում որպես «հետագայում թիմը գլխավորելու թեկնածու»: