«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է ակումբի ղեկավարությանը իր դիրքորոշումը Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։ Կատալոնական գրանդը դեռ անցած ամառ էր փորձել հրավիրել խաղացողին, սակայն այն ժամանակ գործարքն այդպես էլ չկայացավ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակնկալվում է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում եվրոպական թոփ ակումբների միջև կսկսվի լուրջ պայքար Ուիլյամսի համար, և «Բարսելոնան» կրկին հայտնվել է հավակնորդների շարքում։
Ըստ թարմացված տվյալների՝ Ֆլիկը տվել է իր համաձայնությունը 22-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Մոտ ժամանակներս ակումբը կապ կհաստատի խաղացողի հետ։
Նիկո Ուիլյամսի պայմանագրում նշված է մոտ 60 միլիոն եվրոյի հրաժարագին։ Իսպանացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Բավարիան» և «Արսենալը»։