Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին և Արմեն Բաբալարյանին։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ըմբշամարտի դերը և տեղը մարզաձևի համաշխարհային քարտեզում։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդին՝ մեր մարզիկի և մարզիչի աշխատանքը արժանիորեն գնահատելու համար»,- գրված է հայտարարության մեջ։