Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը վինգեր Լերոյ Սանեին համոզում է երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը՝ հղում անելով լրագրող Քրիստիան Ֆոլքին։
Ըստ աղբյուրի՝ կողմերը շարունակում են բանակցել 29-ամյա ֆուտբոլիստի ապագայի շուրջ։ Սանեն ցանկանում է մնալ գերմանական գրանդում, բայց հավանաբար ստիպված կլինի կրճատել աշխատավարձը: Գործող պայմանագրով հարձակվողը տարեկան վաստակում է 20 միլիոն եվրո: Միաժամանակ Սանեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը», որը նույնպես ամառային տրանսֆերային պատուհանին ընդառաջ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ։
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Արսենալի» պատմական մրցակից Լոնդոնի «Տոտենհեմից»։
Այս մրցաշրջանում 29-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 38 միլիոն եվրո: