«Բարսելոնայի» ֆինանսական վիճակը շարունակում է հեռու մնալ իդեալական լինելուց։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ակումբի ֆինանսական հաշվետվության մեջ ներառված 100 միլիոն եվրոյի գործարքը՝ կապված VIP-տեղերի վաճառքի հետ, չի ստացել աուդիտորի հավանությունը։
Ըստ Relevo-ի տեղեկությունների՝ ստեղծված իրավիճակում կատալոնական ակումբը ստիպված է լինելու վաճառել թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկին, որպեսզի ամռանը հնարավորություն ունենա երկարաձգելու պայմանագրերը մի շարք առանցքային խաղացողների հետ։ Նրանց թվում են եզրային հարձակվող Լամին Յամալը և դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։
Աղբյուրը նշում է, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում հնարավոր է, որ «Բարսելոնան» որոշի բաժանվել թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյից՝ նրան վաճառելով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հունվարին կնքված նոր պայմանագրով ուրուգվայցու հրաժարագինը սահմանվել է 65 միլիոն եվրո, ինչը եվրոպական թոփ ակումբների համար բավականին հասանելի գումար է։
Այսպիսով, եթե «Բարսելոնան» չգտնի այլընտրանքային լուծում իր ֆինանսական խնդիրների համար, Արաուխոյի վաճառքը կարող է դառնալ գլխավոր տարբերակը։